«Հիմա` Արմեն Ռուստամյանը քաղբանտարկյա՞լ է եղել, թե՞ ոչ» (տեսանյութ)
Դատական բարձրագույն խորհրդի հինգ հոգանոց կազմում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն 2-րդ պաշտոնի համար ներկայացրել են Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին։ ԱԺ-ում այսօր Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նրան եւս հարց ուղղելով, կրկնեց իր այն նույն հարցը, որ ուղղել էր նախորդ թեկնածու` Գագիկ Հարությունյանին` Սերժ Սարգսյանի խոստմանը, թե ինքը չի հավակնելու ՀՀ նախագահի կամ ՀՀ վարչապետի պաշտոնին. «Պարոն Դանիելյան, Գագիկ Հարությունյանն իսկապե՞ս էր ասում, թե Սերժ Սարգսյանն ընդամենը կարծիք է արտահայտել, երբ խոսել է այդ մասին։ Ի՞նչ տարբերություն կա կարծիք արտահայտելու ու պաշտոնապես հայտարարելու միջեւ ըստ ձեզ։ Ձեր պաշտոնավարման ընթացքում ռեկորդային թվով քաղբանտարկյալներ են եղել, նրանց նկատմամբ ապօրինի հետապնդումներ են եղել անգամ բանտերում, որոնք պատշաճ քննության չեն արժանացել»: Ի պատասխան Գեւորգ Դանիելյանն ասաց. «Հիշենք, թե ինչ կոնտեքստով էր այդ հայտարարությունն արվել Սերժ Սարգսյանի կողմից։ Հայտարարությունը եղել է բոլորին հասանելի ձեւով, դրա համար պետք չէ այն վերապահել միայն ներկա գտնվողներին։ Կան քաղաքական գործընթացներ եւ այդ համատեքստում նաեւ պետք է հասկանալ։ Ես չեմ կարող կարծիք հայտնել։ Քաղբանտարկյալների պահով միանշանակ գնահատեցինք, սակայն ես նման հիմքեր չունեմ այն դեպքում, որ որեւէ քայլ չի ձեռնարկվել։ Դուք շատ լավ գիտեք, որ անձամբ ձեր առնչությամբ ահազանգերի դեպքում ես մշտապես արձագանքել եմ։ Դուք չեք կարող ասել, որ այդ արձագանքը անհամարժեք է եղել։ Անձամբ եմ ՔԿՀ ձեզ այցելել»: Նիկոլ Փաշինյանը շարունակեց պնդել իր հարցադրումը. «Ձեր ընկալման մեխանիզմն եմ ուզում գնահատել Սերժ Սարգսյանի հայտարարության հետ կապված։ Քաղբանտարկյալների պահով, օրինակ` ՀՅԴ անդամները, որոնք 1990-ականների կեսերին բանտերում էին, ԱԺմ անդամները, քաղբանտարկյալնե՞ր են եղել, թե՞ քրեական բանտարկյալներ են եղել... ըհըն, պարոն Ռուստամյանն էլ ներս մտավ...»: «Ես իրավական բնույթի հարցեր էի ակնկալում, ոչ քաղաքական։ Իմ դիրքորոշումը ասացի, ավելացնելու բան չունեմ. ձեր գնահատականները ինձ համար բավարար հիմք չեն։ Քաղբանտարկյալների պահով մեր պատկերացումները տարբեր են. ձեր պատկերացումները դեռեւս գտնվում են քաղաքական հարթության վրա. ցավոք, դուք ընկալում եք, որ մարդ, եթե ունեցել է քաղաքական բնույթի գործունեություն, ապա նրա նկատմամբ հետապնդումը պետք է որակել որպես քաղաքական, սակայն հնարավոր է` նա հիմնավոր քրեական հանցանք է կատարել»: «Հիմա` Արմեն Ռուստամյանը քաղբանտարկյա՞լ եղել է, թե ոչ»,-տեղից արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։ Նրան ընդհատեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը` նշելով, թե ժամանակը սպառվել է։