«Թողնում են աղջկա կամքին, տարիներ են անցնում». 81-ամյա տղամարդու խրատը (տեսանյութ)
Խորհրդային տարիներին էլ է Հայաստանից արտագաղթ եղել։ «Էն ժամանակ տարբերություն չկար. քաղաքացին հայ է, թե բելառուս, բոլորն անվանվում էին սովետական քաղաքացի»,- տարբերությունն է բացատրում Ափնագյուղի 81- ամյա բնակիչ Հակոբ Բարիկյանը։ Նա հիշում է՝ ժամանակին ինքն էլ է ռուսաստաններում վարորդ աշխատելով գումար վաստակել։ Եւ այդ ժամանակահատվածը քիչ չի եղել՝ 11 տարի։ 36 տարեկանում անգամ մտածել է ընտանիքով հաստատվել Ռուսաստանում, բայց որոշումն իրագործել չի հաջողվել։ «Հերս չթողեց»,- ծիծաղում է։ Եթե երիտասարդ լիներ, հիմա չէր մեկնի Ռուսաստան արտագնա աշխատանքի. «Այն ժամանակ յուրաքանչյուր գործողություն անելու համար քո հասանելիքը տալիս էին, հիմա այդպես չէ...» Գուցե նաեւ սա է պատճառը, որ վերջին տարիներին գյուղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազել է։ Բայց գնացողին Հակոբ Բարիկյանը չէր մեղադրի։ Գյուղացին տեր չունի։ «Կաթը տանում են 120 դրամով, իսկ կարագն ի՞նչ արժե՝ 3000 դրամ ։ Այդպես չի՞... Միսը շուկայում ի՞նչ արժե... 3000-4000 դրամ։ Վերավաճառողները տանում են 2000- 2100 դրամով »,- պատմում է նա։ Ափնագյուղը խոշորացված համայնքներից մեկն է, որը նոյեմբերից ընդգրկված է Արագածոտնի մարզի Ապարան համայնքային փնջի մեջ։ Հակոբ Բարիկյանը կասկածում է , որ սա կնպաստի գյուղի զարգացմանը. «Ափնան 150 տնտեսություն ունի, 800 հեկտար վարելահող ։ Դրա շահույթից մեզ ոչինչ չի հասնի, գնում է կենտրոն»,-նշում է Հակոբ Բարիկյանը՝ նկատի ունենալով մարզկենտրոն Ապարանը։ Վերջին տարիներին Ափնագյուղում դրական տեղաշարժ գրանցվել է։ Օրինակ՝ փողոցների լուսավորության հարցն է լուծվել։ Ափնագյուղում չլուծված է մնում ոռոգման ջրի խնդիրը։ «Եթե մեր գյուղապետը չլիներ, մենք գյուղում հող մշակելը մոռանում էինք, ինքն իր ուժերով լիճ է կառուցել ու ժամով մեզ ջուր է տալիս, իհարկե, վճարովի»,- ասում է նա։ Եթե իմանար, որ իր խոսքը իշխանություններին կհասնի, շատ ուրիշ հարցեր էլ կբարձրաձայներ։ Բայց դե հիմա ո՞վ է ավագի խոսքը հաշվի առնում։ Ժամանակներն են փոխվել, անգամ ծնողի խոսքը երբեմն օդում է մնում. «Որ տանը աղջիկ երեխա է լինում՝ ամուսնության տարիքի , ծնողը չի կարա ստիպի ամուսնանա, թողնում են իր կամքին, ու տարիներ են անցնում... Դրա համար լավ չէ։ Տղան դառնում է 30-35 տարեկան, դեռ ամուսնացած չէ...» Հակոբ Բարիկյանն ամուսնացել է 26 տարեկանում։ Մեկ տարի առաջ է կյանքից հեռացել նրա 54 տարվա ընկերը։ Մատներն են անգամ դողում, երբ հիշում է կնոջը։ Բայց կարոտից գլանակը չի վառի։ 20 տարի առաջ է հրաժարվել ծխախոտից՝ սիգարետը փոխարինելով թզբեհով։