Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 14 համերգով հանդես կգա Եվրոպայում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ից մայիսի 16-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 14 համերգով հանդես կգա Եվրոպայի հինգ մշակութային կենտրոններում: Շրջագայությունն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ընդգրկում է Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Իսպանիայի հեղինակավոր համերգասրահները:
Այս շրջագայությունը վկայում է Հայաստանի 100-ամյա նվագախմբի բարձր վարկանիշի և եվրոպական երաժշտական մշակութային դաշտում ունեցած պահանջարկի մասին:
Նվագախումբը հանդես կգա մենակատարների տպավորիչ կազմով. մեր ժամանակների մեծագույն ջութակահարներից Օգյուստեն Դյումեյը և հռչակավոր հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանն իրենց մասնակցությամբ կամրապնդեն շրջագայության միջազգային բարձր կարգավիճակը, իսկ ծագող աստղեր դաշնակահարուհի Եվա Գևորգյանի և իտալացի թավջութակահար Էտտորե Պագանոյի ելույթները թարմություն և վիրտուոզություն կհաղորդեն համերգային ծրագրին: Ազդեիկ է նաև դիրիժորների ցանկը, համերգները կղեկավարեն Էդուարդ Թոփչյանը (Հայաստան), Պիեռ Կառլո Օրիցիոն (Իտալիա) և Բենջամին Ցվիկը (Շվեյցարիա):
Համերգային երկացանկում ընդգրկված են դասական երաժշտության ծանրակշիռ գլուխգործոցներ: Սա յուրօրինակ մասնագիտական քննություն է, որը ևս մեկ անգամ կփաստի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի կատարողական բարձր մակարդակն ու մրցունակությունը եվրոպական լավագույն նվագախմբերի կողքին: Ի թիվս այլ ստեղծագործությունների, կհնչեն Դմիտրի Շոստակովիչի վիթխարի և տպավորիչ Սիմֆոնիա թիվ 10-ը, Գուստավ Մալերի վեհաշուք Առաջին՝ «Տիտան» սիմֆոնիան, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Ջութակի թիվ 3 կոնցերտը, Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը, Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը, Պյոտոր Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը, ինչպես նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետներից: