«ԱՐԱՐԱՏԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈւՄ Է ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում կկայանան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Արարատ քաղաքի «Այգ» մարզադաշտում Երեւանի «Արարատը» կհյուրընկալի «Փյունիկին», իսկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցեն «Բանանցը» եւ «Միկան»:
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը «Ա1+»-ին հայտնեց, որ «ֆուտբոլիստներին ծանր պարտությունից հետո պետք է փորձեն հոգեբանորեն վերականգնել», քանի որ շատ դժվար խաղ է սպասվում: Իսկ ծանր պարտությունը, դա շաբաթ օրը Կապանում կայացած «Գանձասար» - «Արարատ» (1:0) հանդիպումն էր: «Մենք ստեղծեցինք 6 ռեալ գոլային պահեր, բայց դրանցից ոչ մեկը չկարողացանք օգտագործել», - նշեց Վարուժան Սուքիասյանը: «Արարատի» գլխավոր մարզիչը հայտնեց նաեւ, որ վնասվածքի պատճառով Կապանում խաղադաշտ դուրս չի եկել թիմի գլխավոր ռմբարկու Նշան Էրեզերումյանը. «Նա չի մասնակցի նաեւ «Փյունիկի» դեմ կայանալիք մրցավեճին»:
Ավելորդ չէ նշել, որ «Արարատի» համար գավաթի խաղարկությունը ավելի մեծ նշանակություն ունի: Հաղթելով այս մրցաշարում Վարուժան Սուքիասյանը սաները իրավունք կստանան մասնակցել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը, իսկ ահա «Փյունիկը» 2006թ. Հայաստանի չեմպիոնն է եւ արդեն ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
Հայաստանի գործող գավաթակիր «Միկան» այսօր հյուրընկալվելու է «Բանանցին», որը 2006թ. առաջնության արծաթե մեդալակիրն է եւ արդեն նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության ուղեգիր: «Միկան» արդեն 5 անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր, թեեւ ընդամենը 7 տարվա պատմություն ունի: Նախորդ խաղարկության եզրափակիչում «Միկայի» ֆուտբոլիստները հաղթեցին «Փյունիկին»: 2005թ. գավաթի խաղարկությունում դարձյալ հաջողության էին հասել
«Միկայի» ֆուտբոլիստները: Կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 9-ին` «Հանրապետական» մարզադաշտում: