«Մոտակա 4-5 տարիների ընթացքում որևէ իշխանության փոփոխություն տեղի չի ունենալու» (տեսանյութ)
Ռուսաստանում այլընտրանքային թեկնածու չկա։ Կանխատեսելու ոչինչ չկա, ամեն ինչ արդեն կանխատեսված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ «Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը գործող նախագահին է աջակցելու, ինչը, սակայն, շատերի սրտով չէ»: Վերընտրվում է ոչ միայն Ռուսաստանի նախագահը, այլ նաև քաղաքական իշխանությունների փոփոխություն չի սպասվում ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, ոչ Չինաստանում, ոչ Թուրքիայում, ոչ Իրանում։ Քաղաքագետի կարծիքով՝ Թրամփն էլ ունի լուրջ շանսեր 2020 թվականին վերընտրվելու։ Ըստ քաղաքագետի՝ տարածաշրջանային պետություններում և այն գերտերություններում, որոնք իրենց շահերն ունեն, այստեղ մոտակա 4-5 տարիների ընթացքում որևէ իշխանության փոփոխություն տեղի չի ունենալու։ Խոսելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն այցի մասին՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ բանակցային փոփոխություններ սպասելն անիմաստ է։ «Անիմաստ է բանակցային փոփոխություններ սպասել նաև նոր պետքարտուղարից։ Մայք Պոմպեոն ավելի կոշտ քաղաքականության կողմնակից է և Ռուսաստանի, և Իրանի հետ հարաբերություններում։ Սա կարող է նշանակել սանկցիաների խորացում։ Այցը պաշտոնական էր, սակայն սա ճանաչման գործընթաց չի կարելի համարել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները միակ պետությունն է Հայաստանից հետո, որ ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին։ Բակո Սահակյանի այցի ժամանակ, վերջին 2 օրերի ընթացքում Արցախի նախագահը հնարավորություն է ունեցել ներկայացնելու իր տեսլականը խնդրի խաղաղ կարգավորման համար»։ Սուրեն Սարգսյանի պնդմամբ՝ սա չափազանց կարևոր քայլ է, որովհետև ֆորմալ առումով Արցախը բանակցային գործընթացի կողմ չէ, բայց դա չի նշանակում, որ նրա ձայնը լսելի չէ։