Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանի  հայտարարությամբ պարզ դարձավ,  թե ինչ է նշանակում «հավակնել», «լինել», «ցանկանալ» (տեսանյութ)

Քաղաքականություն
jjjjj

Հանրապետականները մոմ են վառել, մատաղ արել, որ Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀ վարչապետ, ասում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  չէր  բացառել, որ ապրիլի 9-ից հետո վարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել իր թեկնածությունը: Մեկնաբանելով 2014թ-ի  իր հայտնի  հայտարարությունը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում, Սերժ Սարգսյանն ասել  է. «Երբ գործիչն ուզում է քաղաքական հայտարարություն անել այն մասին, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպես ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի Հանրապետության նախագահ։ Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում և խոսվում հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է։ Դժվար չէ սա տարբերել»: Ըստ Ստեփան Սաֆարյանի Սերժ Սարգսյանի այս հայտարարությամբ հասարակությունն իմացավ, թե ինչ է նշանակում «հավակնել», «լինել», «ցանկանալ»: Լեզվաբան Նարինե Դիլբարյանն ասում է. «Սերժ Սարգսյանի գործունեության մեջ սա բացթողում էր, երբ  ինքը հայտարարեց, որ չի առաջադրվելու: Մենք ունենք սահմանադրական փոփոխությունների փաթեթ, եթե տվյալ գործիչը չէր պատրաստվում լինել վարչապետ, ապա այս փոփոխությունները  չէին լինի»: Սերժ Սարգսյանը նաեւ ասել էր, եթե  ի վերջո որոշեն, որ վարչապետի պաշտոնում  առաջադրվելու է իր թեկնածությունը, ապա դա կլինի մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ  է  հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու  համար։ «Երիտասարդների հիշողությունը ծանրաբեռնված չէ նրա մասին ինֆորմացիայով: Միգուցե իր թիմակիցներն իրենց արդեն սպառել են եւ հույսը դրել է երիտասարդների վրա»: Նույն համատեքստում է գնահատվում  Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին 10 տարի 5 ամսով դատապարտելը՝  պարզապես ինչ-որ բան նախապատրաստելու համար։ Մեզ մոտ շատ դաժան են վարվում պատերազմում կռվածների հանդեպ:  Շատ վիրավորական է նաեւ պատմության դասագրքերից Ժիրայր Սեֆիլյանի անունը հանելը, ասում է Նարինե Դիլբարյանը:  Ըստ բանախոսների՝  հետսովետական տարածքում վերջին տարիներին կատարյալ ժողովրդավարություն չի եղել: «Բոլոր երկրներում սկսած սահմանադրական փոփոխություններից, խոսում են մտահոգիչ զարգացումների մասին: Ռուսաստանի ընտրությունները ճակատագրական են լինելու տարածաշրջանի համար: Մենք գործ ունենք խելահեղության խորացման հետ, երբ Պուտինի բարձր լեգիտիմությունը դնելու է արկածախնդիր քայլեր անելու հիմքեր»: Համեմատականներ տանելով  Ռուսաստանի հետ՝ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ երկու երկրներում էլ ընդդիմադիր դաշտը ջախջախված է, հետընտրական պրոցես չկա, և առաջիկայում արտառոց որեւէ  երեւույթ չի լինի: