«Բոյկոտով հարցը լուծել չի լինի» (տեսանյութ)
Երևանի ավագանու նիստերի դահլիճում լրագրողների աշխատանքը արգելելը հակասում է զանգվածային լրատվության մասին օրենքին. «Օրենքում նշվում է՝ հավատարմագրումը պետք է այնպես կազմակերպվի, որ չսահմանափակվի լրագրողի՝ տվյալ մարմնի նիստին մասնակցելու իրավունքը»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց անկախ լրագրող Արման Ղարիբյանը: Օրենքի հետ հակասությունները բացառելու համար սահմանադրական դատարան են դիմելու. «Այս օրենքով իրենք բերում են նոր հավատարմագրման կարգ, որի անունը չեն դրել հավատարմագրում, մենք հուսով ենք, որ կգնա այս գործընթացը և դատարանը կհռչակի այս օրենքը հակասահմանադրական, էնպես որ սա ամիսներ կտևի և ըստ էության առնվազն մի քանի նիստ լրագրողները հնարավորություն չեն ունենա նիստերի դահլիճից հետևելու»: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ խնդրի լուծման երկու տարբերակ է տեսնում. «Կամ պիտի նախագահին դիմենք կամ սահմանադրական դատարան»: Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է բոյկոտի միջոցով արդյունքի հասնել, Երևանի մամուլի ակումբի նախագահը հստակ պատասխան չտվեց. «Դա հնարավոր է միայն միասնական լինելու դեպքում, բայց չեմ կարծում, որ բոլոր լրատվամիջոցները կբոյկոտեն նիստերի լուսաբանումը, մի քանիսն անպայման կգնան»: Արման Ղարիբյանն էլ հավելեց՝ բոյկոտով հարցը լուծել չի լինի, քանի որ քաղաքապետարանի բյուջեից մեծ գումար է հատկացվում պաշտոնական լուսաբանմանը, այդպիսով բոյկոտը կնպաստի քարոզչական մեքենայի աշխատանքին: