ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՁՄԵՌԸ ՉԻ ԶԻՋՈՒՄ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարվա մարտ-ապրիլ ամիսները ձյունառատ էին Մարտունիում: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը սկսված ձյան տեղումները այս պահի դրությամբ շարունակվում են: Անցած գիշերվանից մինչ հիմա, Մարտունու հիդրոօդերեւութաբանական կայանի հաղորդած տվյալների համաձայն, տեղումների քանակությունը 20 մմ-ի է հասնում:
Թեեւ թաց ձյան մի մասը տեղումների հետ մեկտեղ հալվում էր, այնուամենայնիվ Մարտունու տարածաշրջանի ցածրադիր վայրերում ձյան միջին հաստությունը հասնում է 10 սմ: Տեղացած առատ ձյան հետեւանքով փակվել է Սելիմի լեռնանցքով անցնող մայրուղին, դժվարանցանելի են դարձել միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհները:
Տարածաշրջանի հողագործներին այս գարնան եղանակը մտահոգության տեղիք է տալիս. գարնանացանը դեռ չեն սկսել, անցյալ տարվա անասնակերի սակավության ու դրա հետեւանքով` թանկացման պայմաններում, անասունների երկարատեւ ձմեռումն էլ լրացուցիչ ծախսեր է պահանջում: Բայցեւ հույսը չի կորում. որոշ տարեց գյուղացիներ հակված են մտածելու, որ այս ձյունառատությունը բարենպաստ կլինի գոնե առաջիկա գյուղատնտեսական տարվա համար:
«Զանգակ» ՀԸ
Մարտունի