Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանի նախաձեռնությունը մերժեց ԱԺ-ն (տեսանյութ)

Քաղաքականություն
aj

Ոչ աշխատանքային պետք է լինեն միայն ավանդական տոները, իսկ նախածննդյան՝ հունվարի 3-5-ը՝ աշխատանքային: «Երկար՝ իրար հաջորդող հանգստյան օրերից հետո աշխատանքի վերադառնալու պարագայում նաեւ արդյունավետության պակաս է լինում»,- պատճառաբանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Թադեւոս Ավետիսյանը:  «Տոների եւ հիշատակի օրերի մասին» փոփոխություն օրենքում կատարելու  մասին Կառավարության այս առաջարկը ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում բացասական արձագանք ունեցավ: «Իրավական ակտերը գնալով նմանվում են դպրոցական ազատ թեմայով շարադրությունների: Ինչ կապ ունի արձակուրդի երեք  օրերի հանելը պետության սոցիալ-տնտեսական համակարգերի նորմալ կենսագործությունեության հետ»,- նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Օրենսդրական այս փոփոխությունն, ըստ էության, վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությունն է, քանի որ նա դեռ անցած տարի էր հայտարարել, որ ամանորյա տոներին երկար հանգստանալը ճիշտ չէ: Գեւորգ Պետրոսյանի համար ծիծաղելի էր նաեւ այն, որ նախագծի հիմնավորման մեջ նշված էր, թե ըստ լեզվաբան Հրաչյա Աճառյանի՝ ինչ է նշանակում տոն բառը:  «Ես չգիտեմ՝ ում մտքով է անցել էդ հանգուցյալներին անհանգստացնել՝ Հրաչյա Աճռյանին մեջբերեցիք, որ տոնը հայերեն բառ է, նշանակում է հասարակական հանդես, անցյալում մատուցված զոհը, կենդանիներին մատուցված զոհը համարվել է տոն: Հիմա, ասենք, կանանց տոնն ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ: Ոչ կանանց զոհաբերում ենք, ոչ էլ մատուցում ենք աստվածներին»,- նկատեց Գեւորգ Պետրոսյանը:             ԱԺ առաջարկով Կառավարությունն այս նախագիծը հետ վերցրեց՝  լրամշակելու համար: Լրամշակելու համար հանձնաժողովը հետ վերադարձրեց «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին մի խումբ ՀՀԿ-ական պատգամավորների հեղինակած նախագիծը: «Ես չեմ ուզում նվազեցնել մեր պատգամավորների օրենսդրական նախաձեռնության իրավունքը, բայց ես ուզում եմ հարց տալ մինչեւ օրենքի քննարկումը՝ էս բոլոր հեղինակներով այս օրենքը մշակե՞լ եք իրականում»,-հետաքրքրվեց ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյան: «Ես կարծում եմ, որ մեր պատգամավորները տեղյակ են, եւ որեւէ  ձեւաչափով մասնակցել են օրինագծի քննարկումներին»,- պատասխանեց ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:              Նախագծով առաջարկվում է զինծառայության ժամանակ այն անձինք, որոնք կազմակերպում են շահումով խաղեր, ներգրաված են մոլեխաղերի մեջ, քրեական պատասխանատվության ենթարկվեն: Գեւորգ Կոստանյանի վստահեցմամբ՝ այս նախագիծն առնվազն նպաստելու է քրեականացնելու մի վարքագիծ, որը քրեականացված չէր եւ որի արդյունքում քրեական գործերի ծավալը լուրջ աճ է ունենալու: