Հասարակությունը ծայրահեղ հուսալքված է և մասնատված. Ռ. Կարապետյան (տեսանյութ)
«Հոգևոր Հայաստան» մտավորականներից կազմված նախաձեռնությունն այսօր իր ուղերձը հղեց ամբողջ հայությանը՝ քաղաքական,հասարակական կառույցներին։ Ուղերձի ողջ տրամաբանությունն է՝ ստեղծել միասնական համայն հայության հարցերի խորհուրդ, որը կգործի մեկ գաղափարի շուրջ՝ դուրս բերել ամբողջ հայությանը հուսալքությունից։ ՀՀ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, ով նախաձեռնության մաս է կազմում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավելացրեց, որ 26 տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել այնպիսի մի պետություն, որ հայը կարողանա ապրել և զարգանալ։ «Հիմա հասարակությունը ծայրահեղ հուսալքված է և մասնատված։ Մեր խումբը քաղաքական չէ, այլ մտավորական։ Մենք պետք է միավորենք բոլոր հայերին՝ պետությունը հզորացնելու գաղափարի շուրջ։ Մենք երբեք որպես միասնական ժողովուրդ հանդես չենք եկել։ Հիմա պետք է միավորվենք։ Հանդիպումների շարք ենք սկսելու բոլոր քաղաքական կուսակցությունների հետ, այդ թվում՝ ընդդիմության և դիմության։ Միասնական եզր պետք է գտնենք նրանց բոլորի հետ և մտավորականների ընտրանի ձևավորենք, ովքեր հասարակական միտքը կձևավորեն»,- ասաց Ռուբեն Կարապետյանը։ Երաժիշտ,երգահան Եղիշե Պետրոսյանը նույնպես «Հոգևոր Հայաստան» խմբավորման նախաձեռնողներից է։ «Փորձը ցույց տվեց, որ մեր իշխանությունները ի զորու չեղան դառնալու այն գեներատորը, որը կհամախմբեր ողջ հայությանը։ Սփյուռքի ձևավորված էլիտաները ևս չեն ներկայացնում Սփյուռքի խնդիրները։ Մենք համակարգ ստեղծելով, կարող ենք, ի զորու կլինենք մեր ազգին վերաբերող հարցերի շուրջ լուծումներ գտնել։ Մտավորականների էլիտան պետք է պատասխանատվություն վերցնի առաջ տանելու ազգի գաղափարախոսությունը»,- ավելացրեց նա։