«Հարմարավետության հարց է». Մ. Եսայանը՝ լրագրողների աշխատանքը ԱԺ-ից կազմակերպելու մասին (տեսանյութ)
ՀՀ 4-րդ նախագահի Երդմնակալության արարողությունից առաջ Աժ մի քանի պատգամավորներ պատասխանել են լրագրողների հարցերին: «Ծառուկյան դաշինք»-ի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը երդմնակալության արարողությանը չմասնակցելու տրամաբանություն չի տեսնում, քանի որ խմբակցությունը «Կողմ» է քվեարկել նախագահի թեկնածուին: Նշում է, որ իրենք հետևողական են լինելու հանրապետության նախագահի աշխատանքը գնահատելու հարցում: ՀՅԴ-ի համար միջոցառումն աննախադեպ է այն առումով, որ 1-ին անգամ ԱԺ-ն պետք է ընտրի նախագահ: «Այն համակարգային փոփոխությունները, որ նախատեսել ենք, պայմանավորված է նաև նախագահի պաշտոնով և անձով, որը պետք է հանդիսանա Սահմանադրության պահապանը»,- նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Քաղաքացիության փաստաթղթերի վերաբերյալ նշեց, որ որևէ խնդիր չկա, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են: «Ես չեմ կարծում, որ պետք է անընդհատ ականներ դնել նոր պաշտոնյաների տակ»,- ասում է նա: Վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց, որ կհարգեն ՀՀԿ-ի ցանկացած որոշում: Մարգարիտ Եսայանը գտնում է, որ լրագրողները դահլիճից չէին կարողանալու հետևել երդմնակալության արարողությանը: Նրա կարծիքով՝ ԱԺ-ից արարողակարգին հետևելը մամուլի աշխատողների համար շատ ավելի հարմարավետ է լինելու: «Որպես լրագրող՝ կուզենայի, որ դուք մեզ հետ լինեիք դահլիճում, զգայիք էդ մթնոլորտը անմիջականորեն, որպես մասնագետ եմ ասում՝ որպես լրագրող, բայց եթե նման որոշում է կայացվել, կարծում եմ՝ հարմարավետության հարց է»,- եզրափակեց նա: