Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները (տեսանյութ)
Ապրիլի 7-ի առավոտյան Արևելյան Գուտայում՝ Դումա քաղաքում, քիմիական զենք կիրառելու հետևանքով 50-ից ավելի մարդ է զոհվել, իսկ 500-ը թունավորման ախտանիշով դիմել է բուժօգնության: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշում է. «Քիմիական զենք կիրառելու փաստեր միշտ են եղել: Ամեն անգամ կողմերը միմյանց են մեղադրում: Սա վկայում է այն մասին, որ լարվածությունը Սիրիայում պահպանվում է»: ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն, եթե քիմիական զենքով հարձակման լուրերը հաստատվեն, ապա դրա պատասխանատվությունը կկրի Ռուսաստանը: Սիրիան և Ռուսաստանը հերքում են մեղադրանքները եւ քիմիական հարձակումների մասին հայտարարություններն անվանում կեղծ: «Իրականում դժվար է հասնանալ , թե ինչ է տեղի ունենում: Արեւմուտքը շատ դեպքերում մեղադրում է Սիրական կառավարությանը եւ Ռուսաստանին: Սիրիան դարձել է մի հարթակ, որտեղ բոլորն ունեն իրենց շահերը», ասում է արաբագետ Արաքս Փաշայանը: Այսօր վաղ առավոտյան լուրեր տարածվեցին, որ հրթիռային հարձակման է ենթարկվել Սիրիայի Հոմս նահանգում գտնվող ավիաբազան: Պենտագոնը հերքեց ԱՄՆ-ի մասնակցությունը հրթիռակոծմանը: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, ավիաբազայի հրթիռակոծությունն իրականացրել են իսրայելական ինքնաթիռները: Հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովի տարածքից՝ անցնելով Լիբանանի օդային տարածքով: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը պատահական չի համարում Իսրայելի քայլը: «Այն ավիաբազան, որ հրթիռակոծվել է Հիզբալահի ուժեր կային եւ Իսրայելը թիրախավորելով թուլացրել է Հիզբալահի դիրքերը»: Փորձագետները նշում են, որ Սիրիայում իրադրությունը արագ է փոփոխվում եւ անսպասելի զարգացումներ կարող են լինել: «Ներգրավված կողմերը շատ են: Եթե ԱՄՆ-ն օգտագործում է «չափավոր ընդդիմություն» եզրը, ապա Ռուսաստանը ժխտում է, ասելով, որ «չափավորներ» ըստ էության չկան եւ շատ խմբավորումների անվանում է ահաբեկչական, հավելում է Արաքս Փաշայանը: Նշենք, որ 9 երկիր կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ Սիրիայում իրականացված քիմիական հարձակման հարցով: