Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՂԱՑԱՆԿԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԿՈՂՄԵՐԻՆ

Սպորտ

«Ամենադաժան խաղացանկը մեզ եւ «Փյունիկին» էր բաժին հասել, ուստի սա ոչ «Արարատի», ոչ էլ «Փյունիկի» լիարժեք խաղն էր», - նշեց «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումից հետո: Սուքիասյանը ասաց նաեւ, որ մեծ հարգանքով է վերաբերվում մրցակցին. «Իրոք «Փյունիկը» շատ արագ եւ մոբիլ թիմ է: Եթե «Փյունիկի» հետ տակտիկապես ճիշտ չխաղաս, հնարավոր է եւ խոշոր հաշվով պարտվես: Խաղի ելքն էլ տեսաք հյուրերի դարպասապահի սխալից հետո վճռվեց»:

Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե արդյոք մայիսի 9-ին կայանալիք եզրափակիչ հանդիպմանը կկարողանա խաղադաշտ դուրս գալ «Արարատի» ռմբարկու Նշան Էրզերումյանը, Վարուժան Սուքիասյանը պատասխանեց. «Տեսնենք: Արդեն անհատական ծրագրով մարզվում է: Լիարժեք չեմ կարծում, բայց հնարավոր է մեկ խաղակես մասնակցի հանդիպմանը»:

«Արարատի» մարզիչը խոսեց նաեւ մրցավարության մասին. «Խախտումը, որը մեր դարպասին նշանակվեց եւ գոլ ընդունեցին, նմանատիպ 2 դրվագ եղավ հակառակորդի դարպասին: Ուղղակի մրցավարը մի փոքր հեռու էր: Չգիտեմ երեւի չնկատեց»:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը կրկին չէր ներկայացել հետխաղյա մամուլի ասուլիսին: Գլխավոր մարզչին փոխարնեց նրա օգնական Վարդան Մինասյանը, որի կարծիքով «Արարատի» բախտը բերեց. «Չեմ ուզում խոսել սխալների մասին: Դարպասապահը սխալվեց, թե պաշտպանը դա արդեն կարեւոր չի: Դա «Փյունիկի» ներքին խնդիրն է, որը մենք առանձին կքննարկենք: Շնորհավորում եմ «Արարատին» եւ հաջողություն եմ ցանկանում եզրափակիչում»: