Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԻԻ «ԿՈՒՅՐ ԱՂԻՔԸ» ԲՈՐԲՈՔՎԵԼ Է

Մարզեր

Գյումրիի Երկաթգծի ավանի բնակիչների կարծիքով իրենց բնակավայրը քաղաքից կտրված է ու պաշտոնյաների կողմից մոռացված: Նրանց բնորոշմամբ գծի հետեւի թաղամասը, կարծես, քաղաքի «կույր աղիքը» լինի: Եվ որպեսզի թաղամասը կապվի հարակից բնակավայրերի հետ, խանգարում է ընդամենը մեկ պարիսպ:

Պարսպի քանդումը, որը բնակիչների համոզմամբ առանձնապես մեծ ծախս չէ, կկապի իրենց թաղամասը Կուլակավանի եւ Ախուրյանի հետ: Բնակիչները հույս ունեն, որ պարսպի վերացումից հետո փողոցը կբարեկարգվի, թաղամասում երթեւեկությունը կաշխուժանա, կասֆալտապատվեն վաղուց ասֆալտի երես չտեսած փողոցները:

Երկաթգծի ավանի 5 փողոցների բնակիչներն իրենց համարում են լքված եւ մոռացված բոլոր մեծ ու փոքր իշխանավորների կողմից: Քարուքանդ փողոցները ասֆալտապատման որեւէ ծրագրում ընդգրկված չեն: Մինչդեռ այս թաղամասում է գտնվում Վազգեն Առաջին կաթողիկոսի անվան միջնակարգ դպրոցը, ուր հաճախ են բարձրաստիճան հյուրեր լինում:

Անուշադրության մատնված թաղամասում իրենց լիիրավ տեր ու տիրական են զգում մեծ ու փոքր շները: Եթե այստեղ կառուցվեր ստորգետնյա ավտոճանապարհ, այն կփրկեր թաղամասը մեկուսացումից: Ի դեպ, 70 ական թվականներին վերջինիս կառուցումը նախատեսված էր:

«ՑԱՅԳ» ՀԸ

Գյումրի