Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ «ԱՐՄԵՆՏԵԼ»-ԻՆ

Տնտեսություն

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշպտանության պետական հանձնաժողովը քննարկեց բջջային կապի շուկայում գործող «Ղ-Տելեկոմ» ընկերության բողոքն ընդդեմ «ԱրմենՏել»-ի եւ «ԱրմենՏել»-ի բողոքն՝ ընդդեմ «Ղ-Տելեկոմ»-ի: Մասնակիցները միմյանց մեղադրում էին մրցակցության կանոնների խախտման մեջ:

«Ղ-Տելեկոմ»-ը մարտի 5-ին դիմել էր հանձնաժողովին` նշելով. «ԱրմենՏել»-ը մարտի 1-ից գործող «Ընկերներ եւ ընտանիք » սակագնային փաթեթից օգտվող բաժանորդներին առաջարկել է զանգահարել «ԱրմենՏել»-ի բջջային եւ ֆիքսված ցանցեր՝ 1 րոպեն 27դրամ սակագնով: Մինչդեռ «Ղ-Տելեկոմ»-ի ներկայացուցիչը նշում է, որ «ԱրմենՏել»-ը չարաշահում է իր մենաշնորհային դիրքը եւ «Ղ-Տելեկոմ»-ը չի կարող կիրառել նշված սակագինը, քանի որ ուղղակի կկրի վնասներ եւ արդյունքում կարող է դուրս մղվել շուկայից:

Հանձնաժողովի մասնագետների կողմից ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ «Ընկերներ եւ ընտանիք» փաթեթի գովազդային հոլովակներում «ԱրմենՏել»-ը նշում է, որ կարելի է ստեղծել խումբ 5 քաղաքային եւ բջջային հեռախոսահամարներից եւ խոսել ընդհամենը 27 դրամով մեկ րոպեի համար, սակայն չի նշում, որ այդ փաթեթում առկա է նաեւ բաժանորդային վարձ՝ 300 դրամի չափով, որը կանխավճարային փաթեթներում չի կիրառվում: Այսինքն` սպառողը տեղեկացվում է միայն 27 դրամի մասին, այնինչ, իրականում 1 րոպեի համար վճարվում է ոչ թե 27 դրամ, այլ` 39.8 դրամ:

Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի՝ նշվածը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է, հասարակությանը մոլորեցնելու միջոց: «ԱրմենՏել»-ը տուգանվեց 100.000 դրամով:

Իսկ «ԱրմենՏել»-ի դիմում-բողոքում ասվում է, որ «Ղ-Տելեկոմ»-ի գործողությունները խախտում են ազատ եւ առողջ մրցակցությունը շուկայում: Սակայն ապրիլի 28-ին «ԱրմենՏել» եւ «Ղ-Տելեկոմ» ընկերությունները նոր դիմումներ են ներկայացրել հանձնաժողովին, հայտնելով, որ մրցակիցների կողմից սահմանափակումներ չկան եւ միմյանց նկատմամբ բողոքներ չունեն:

Նշենք, որ «ԱրմենՏել»-ի տնօրեն Օլեգ Բլիզնյուկը դժգոհ էր ընդունված որոշումից եւ հասարակությանը ոչ հավաստի գովազդներ տարածելը մեկնաբանեց այսպես. «Եթե դուք գնում եք ատամի մածուկ, ձեզ չեն տեղեկացնում, որ պետք է ամեն օր լվանաք ձեր ատամները»: