Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ փորձ՝ սևացնելու Հայաստանը. ՌԴ-ում ՀՀ դեսպան
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը անդրադարձել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում Միխայիլ Լեոնտևի հնչեցրած արտահայտություններին, խստագույնս դատապարտելով այն: Դեսպանը սակայն, կոչ է անում՝ ռուսաստանյան լրագրողական և փորձագիտական հանրության պատկերացումների մասին եզրակացություններ չանել, մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով: Այս մասին ասվում է դեսպանի կարծիքում, որը տեղադրվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Դեսպան Վարդան Տողանյանը նշել է. «Մի քանի խոսք ռադիո «Կոմսոմոլսկայա պրավդա» եթերում (2018թ. մայիսի 3-ի) «Ռոսնեֆտ» նավթային ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի արտահայտությունների մասին։ Դժվար է ասել, որքանով է Միխայիլ Լեոնտևը կոմպետենտ ածխաջրածինների և արդյունահանման և իրացման հարցերից, սակայն պատմության և աշխարհաքաղաքականության մեջ, և, մասնավորապես, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններից, նա ակնհայտորեն դադարել է գլուխ հանել։ Էլ չասած մեր երկրում ձևավորված ներքին քաղաքական իրադրության մասին։ Ի դեպ, Միխայիլ Լեոնտևին ես անձնապես գիտեմ ավելի քան քսան տարի և մի ժամանակ նրան համարել եմ Անդրկովկասի հարցերում բավական տեղեկացված փորձագետ, բայց այն, ինչը դուրս է տվել նա այդ եթերի ընթացքում, կարելի է միայն գնահատել որպես վտանգավոր սադրանք՝ և դրա հետ մեկտեղ բացարձակ անկուլտուրականության ակնհայտ դրսևորումներով։ Ինձ թույլ չեմ տա մեջբերել այդ արտահայտությունները և այդ ձևաչափում կսահմանափակվեմ միայն հարցով. ինչի՞ մասին եք խոսում, Դուք, պ-ն մամուլի քարտուղար։ Կցանկանայի վերստին կրկնել, որ Հայաստանում տեղի ունեցողը ներքին քաղաքական երևույթ է, Ռուսաստանի, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և հանրապետության արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին այստեղ խոսք չկա։ Դրա վկայությունները բազմաթիվ են։ Այս իրավիճակում մնում է մտածել, որ հենց դա չի բավարարում Միխայիլ Լեոնտևին։ Եվ բացառված չէ, որ նա ունի դրա սեփական դրդապատճառները, որոնք սկզբունքորեն դժվար չէ հասկանալ։ Ցանկացած դեպքում ակնհայտ է մնում մեկ բան. պ-ն մամուլի քարտուղարի արտահայտությունները, ըստ էության, ոչ այլ ինչ են, քան փորձ սևացնելու Հայաստանը և, եթե կուզեք, ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ ատելություն հրահրելու փորձ։ Ես խստագույնս դատապարտում եմ այդ արտահայտությունները, և խնդիրը միայն ձևակերպումների մեջ չէ։ Սակայն, միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական և փորձագիտական հանրության պատկերացումների, էլ չասած Հայաստանի համար եղբայրական Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման մասին եզրակացություններ չարժե անել՝ մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին չենթարկվել այսպես կոչված «փորձագետների» կողմից վերջին օրերին տեղի ունեցող սադրանքներին և ներողամիտ չլինել Հայաստանում իրադարձությունների ֆոնի վրա իրենց PR-ն անելու փորձ ձեռնարկողներին»,- ասել է դեսպանը։