Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՐԺ ԱԶԱՏԻՉԸ ԴՈՒՐ Է ԵԿԵԼ ՉՈՒԲԱՅՍԻՆ

Տնտեսություն

Այսօր Երեւանում ավարտվեց Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկ խորհրդի 31-րդ հերթական նիստը:

Նիստի ընթացքում ստորագրվել է էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձեւավորման մասին համաձայնագիրը: Այն ստորագրել են ՌԴ-ն, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Կիրգիզիան: ԱՊՀ անդամ մյուս պետությունները պաշտոնական առարկություններ չեն ներկայացրել պայմանագրի ստորագրման առումով, սակայն այսօր չեն ստորագրել: Օրինակ, պայմանագիրը չստորագրած Ուրկաինայի էներգետիկայի փոխնախարար Վլադիմիր Լուչնիկովն այսօր նիստից հետո հրավիրված համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց, որ իրենց կարծիքով բոլոր պետք է ունենան հավասար մեկնարկային պայմաններ:

Այսօր ԱՊՀ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատուները, ռուսական «ՌԱՈ ԵԷՍ» ընկերության վարչության նախագահ, ԱՊՀ էլեկտրաէներգիական խորհրդի նախագահ Անատոլի Չուբայսի գլխավորությամբ հանդիպեցին լրագրողներին: Չուբայսը կարեւորեց ստորագրված համաձայնագիրը եւ տեղեկացրեց, որ նիստի ժամանակ քննարկված մոտ մեկ տասնյակ մյուս հարցերը տեխնիկական բնույթի են եղել: Անատոլի Չուբայսի կարծիքով` էլեկտրաէներգիայի միասնական շուկայի մասին համաձայնագիրը ստեղծում է բաց, թափանցիկ իրավական դաշտ երկարատեւ ժամանակահատվածի համար:

ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք այս փաստաթուղթը չի խոչընդոտի մյուս գործընկերներին, ասենք` Իրանի հետ այս ոլորտում համագործակցության զարգացմանը, ասաց շատ կարճ. «Ոչ, չի խոչընդոտի»: Ընդհանրապես, Արեգ Գալստյանը կարծում է, որ շատ կարեւոր քայլ է արվել, բայց սա միայն սկիզբն է: Առաջիկա 12 ամիսների ընթացքում համաձայնագրին միացած յուրաքանչյուր երկիր կմշակի փաստաթուղթը կյանքի կոչելու սեփական ծրագիրը:

Ի դեպ, իր խոսքում, ասուլիսի կոնտեքստից բոլորովին դուրս, Անատոլի Չուբայսը նկատեց, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, որը բավականին բարի տպավորություն է թողել իր վրա: