Հողմային կայանը պտտեցնող ռոբոտ. Այն Հայաստանը կներկայացնի First Global մրցույթին
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները օգոստոսին Հայաստանն առաջին անգամ կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք First Global ռոբոտների միջազգային մրցույթում: Այս տարի մրցույթի առանցքում՝ վերականգնվող էներգիայի վերաբերյալ առաջադրանքներ են:
Սիսիանի «Արմաթ»-ի խմբավար ու մասնակից Արմեն Ենոքյանը պատմում է, թե մրցույթին ինչ խնդիրներ է լուծելու հայաստանյան թիմի կողմից պատրաստված ռոբոտը.
«Թիմի անդամների կառավարմամբ ռոբոտը պետք է պտտի հողմային կայանը, արևային պանելը մի կետից փոխանցի մյուս կետին: Բացի դրանից, առկա կլինի նաև պայմանական ածուխ, որը պետք է տեղադրել ջերմային կայանների մակետային հատվածում»:
Ռոբոտը ստեղծվել է խմբի բոլոր մասնակիցների գաղափարների հիման վրա, իսկ արդյունքն անընդհատ կատարելագործվում է:
Հայաստանյան թիմում ընդգրկված են նաև Վահագն Զարգարյանը Արծվաբերդից, Լիլիթ Խաչիկյանը Սիսիանից, Նոնա Թելունցը Գորիսից: Վերջինիս խոսքով՝ մրցույթի նպատակը տարբեր երկրներից նույն հետաքրքրության շուրջ պատանիների շփումն է:
«Ցանկանում ենք հարևան երկրների հետ լավ փոխհարաբերություններ ունենալ, ինչ կապված է Ադրբեջանի, Թուրքիայի հետ, ապա կարևոր է քանդել գոյություն ունեցող պատը: Ուզում ենք, որ կարծրատիպը կոտրվի, սա այն ոլորտն է, որտեղ պատերազմական ոչինչ չպետք է լինի», - շեշտեց Նոնա Թելունցը:
First Global -ին մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ շուրջ 160 երկրից:
Մրցույթի նպատակն է միավորել պատանիներին, ոգեշնչել նրանց տեխնոլոգիաների և նորարարության հնարավորություններով, ստեղծել համագործակցության հարթակներ գլոբալ խնդիրների ու կյանքի որակի բարձացմանն ուղղված լուծումներ ստեղծելու համար:
