Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սևանա լճից ջրառը պետք է արգելվի». Սեյրան Մինասյան (տեսանյութ)

Հասարակություն
seyran

Սևանա լճից ջրառը  այս տարի պետք է դադարեցվի, այլապես այն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ, իսկ լիճը գտնվում է կրիտիկական վիճակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սեյրան Մինասյանը։ Ըստ նրա՝ նույնիսկ օրենքով նախատեսված 170 մլն խմ-ը պետք բաց չթողնվի։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, որ Սևանին չպետք է վերաբերվել որպես ջրով լի տարայի։ Սեյրան Մինասյանը ողջունում է այս հայտարարությունը։ «Ուղղակի հարց է, թե ինչքան արդյունավետ այդ հանձնարարականը կիրականացնեն»,- ասաց նա։ Նա նաև ավելացրեց, որ մինչև 2012 թվականը Սևանի ջրի մակարդակը բարձրացվել է, սակայն 2012 թվականից ի վեր միայն նվազել է, ինչը վատ է անդրադարձել ջրի որակի վրա։ Վերջին ժամանակներում որոշ ափերում ջրի կանաչումը ևս պայմանավորված է ջրի մակարդակի իջեցմամբ։ «Դա բերեց նրան, որ ինտենսիվ կերպով գնացին կենսածին պրոցեսներ և լիճը արագ գնաց ճահճացման, ծաղկման։ Այսինքն այն, ինչ կանխատեսվել էր 60-ական թվականներին, որ իջեցումը կբերի ճահճացման և դա կանխելու Խորհրդային միությունը միլիարդավոր գումարներ ծախսեց, ջրանցքներ կառուցեց և այլն, այսօր մենք այդ ամենի ականատես ենք լինում»,- ասաց Սեյրան Մինասյանը։   Սեյրան Մինասյանի տվյալներով՝ Հայաստանում տարեկան գոյանում է մոտ 7 մլրդ խմ վերականգնվող ջրային պաշար, որը բավարար է բոլոր կարիքները հոգալու, ոռոգում իրականացնելու համար՝ առանց վնասելու Սևանին։