Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՉԿԱ»

Տնտեսություն

«Հայաստանում կա 135.000 հարկատու- վճարող, որոնց միայն կեսն է գործում, մնացածը գրանցված են միայն թղթի վրա»,- այսօր ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա` 2002 թ հարկային մարմնի կողմից ապահովվել են 104 միլիարդ հարկային եկամուտներ, 2006 թ` շուրջ 221 միլիարդ: 2007 թ առաջին հինգ ամիսներին արդեն հարկային ծառայությունը հավաքել է մոտ 103 միլիարդ դրամ եկամուտ, ինչը գրեթե հավասար է ամբողջ 2002 թ ցուցանիշին:

«Եկամուտների աճը, հնարավոր է դարձել հիմնականում երկու գործոնի հաշվին: Տնտեսական աճի հաշվին, որը մեր երկրում կա, եւ իհարկե ստվերային շրջանառությունների, չհարկվող շրջանառությունների հարկման հաշվին: Բավարար է դրա տեմպը, թե բավարար չէ, դա արտացոլվում է պետական բյուջեի ցուցանիշում», ասում է Արմեն Ալավերդյանը: ՀՀ հարկային զարգացման ծրագրով, ըստ նրա, պետք է ապահով պայմաններ ստեղծել հարկ վճարողների համար, որոնք բաժանվում են երկու տեսակի՝ «անհատներ, ովքեր բարեխղճորեն կատարում են իրենց մուծումները, եւ օրինազանցներ, ովքեր խուսափում են պատասխանատվությունից»:

Նա նշում է, որ Հայաստանում անբարեխիղճ վճարող կա միայն այն պատճառով, որովհետեւ մեզ մոտ չկա հարկային մշակույթ: Ըստ Արմեն Ալավերդյանի՝ Երեւանում հյուրանոցային բիզնեսը շահութաբեր է եւ հիմա մենք ունենք միջազգային ստանդարտներին համապատասխան լուրջ հյուրանոցներ «Հենց նրանք էլ մտել են խոշոր հարկատուների ցուցակի մեջ»:

Այսօր նա հայտնեց, որ տոնավաճառում առեւտուր իրականացնողների համար պետք է գործի պարզեցված հարկ՝ եւ, ընդհանրապես` «բացառվի խոշոր բիզնեսի մուտքը այդ պարզեցված հարկային դաշտ»: Հայաստանում գրանցված տոնավաճառների եւ առեւտրի կազմակերպման կետերից հավաքագրված գումարը կազմել է 2,5 միլիարդ դրամ:

Պարոն Ալավերդյանը անդրադարձավ նաեւ այն անհատ ձեռնակատերերին, ովքեր զբաղվում են առեւտրով, սակայն գրանցված չեն` ասելով, որ անպայման նրանք պետք է գրանցվեն, քանի որ կպատժվեն օրենքի խստությամբ: Ի դեպ, եթե տարվա սկզբին նախատեսված էր, որ հարկայինը պետք է հավաքի 278 միլիարդ դրամ, ապա տարվա ընթացքում արդեն իսկ կա ծրագրային ցուցանիշի ավելացում, այսինքն հարկայինը պետք է հավաքի 280,3 միլիարդ դրամ: Հունիսի 1-ի դրությամբ արդեն ապահովվել է 103 միլիարդը: