ՈՍԿԻՆ ԷԺԱՆԱՑԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանյան ոսկու գների թելերը միջազգային շուկայի ձեռքում են»,- «Ա1+»-ին վստահեցրեց Խորենացու փողոցում գտնվող ոսկու շուկայի վաճառող Արշակը: Այսինքն` ըստ նրա, մեզ մոտ ոսկու գինը սահմանում է ոչ թե տեղական, այլ միջազգային շուկան: «Վերջերս ոսկու համաշխարհային գները հասել են գագաթնակետին, ինչն անարձագանք չի մնացել նաեւ մեզ մոտ: Իսկ երբ հիմա այն ընկել է, իր հետեւից ցածրացրել է նաեւ մեր մոտի գները: Շատ անկայուն գներ են, օրական ընկնում, բարձրանում են»,- ասում է նա:
Շուկայի գների տատանումները մտահոգում են վաճառողներին: «Ինչ կա զարմանալու: Դոլարի հետ էլ այդպես են վարվում: Գիտեն` մարդիկ չեն հասկանում, թե որն է նպատակը»,- դժգոհում է տիկին Հռիփսիմեն, որն արդեն երկար տարիներ զբաղվում է ոսկու առեւտրով: Վերջինս ամեն կերպ փորձում էր համոզել, որ միջազգային բորսայում մեծ ընկերությունները տոննաներով ոսկի առնելիս, ոսկու գինն էժանացնում են, իսկ երբ գալիս է ծախելու ժամանակը, կրկին թանկացնում են, ինչի արդյունքում մեծ չափսերի գումարներ են վաստակում:
Հայաստանյան վաճառակետում ոսկու գրամի գինը նույնն է, կարող է տատանվել միայն զարդերի գները: «Մենք մի քանի ոսկու կետ ունենք, մեկը Նոր Հաճնում, մյուս երկուսը` Երեւանում: Տեղի վճարը տարբեր է, մի տեղ շատ ենք տալիս, մյուս վայրում` քիչ: Սակայն երեք տեղերում էլ ոսկու գինը նույնն է»,- անկեղծացավ մի վաճառող: Եթե կրպակների վարձավճարները տարբեր են, իսկ ոսկու գինը անփոփոխ, ո՞րն է իրենց շահույթը`«Ա1+»-ի հարցին ի պատասխան, նա ասաց. «Ամեն շուկա ունի իր հաճախորդները: Օրինակ` թանկ վայրերում ունենում ենք հարուստ հաճախորդներ, որոնք ավելի հաճախ են գնումներ անում: Չգիտե՞ք, մեր օրերի հարուստները, թե եթե ճոխ տեղ են այցելում, իրենց ավելի համբավաբեր է»:
Մեկ ամսվա ընթացքում մաքուր ոսկու (չեռվոնի) գինն էժանացել է 0.9 դոլարով, իսկ սովորական զարդերի գինը նվազել 1-1.5 դոլարին համարժեք դրամի չափով: Այսինքն` եթե նախկինում 1 գ մաքուր ոսկին կարելի էր ձեռք բերել 22.5 դոլարով, ապա այսօր այն դարձել է 21.6 դոլար: