Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՏԵՒՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ»

Տնտեսություն

«Հայաստանում դոլար-դրամ հարաբերակցությունը ոչ մի կապ չունի տնտեսության եւ ոչ էլ համաշխարհային տենդնեցների հետ»,- ասաց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը` պատասխանելով «Ա1+»-ի հարցերին: Ամերիկյան դոլարի նկատմամբ հայկական դրամի փոփոխությունները նա պայմանավորում է մի խումբ մարդկանց շահերով:

-Մի խումբ մարդկանց շահերով պայմանավորված` դրամի կուրսը կարող է բարձրանալ կամ իջնել: Այսինքն՝ տնտեսական հիմնավորում, համաշխարհային արժութային քաղաքականությունը կամ շուկայի վիճակը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ: Փաստենք թվերով: Օրինակ՝ ապրիլին աշխարհում ամերիկյան դոլարը հասավ իր պատմական մինիմումին՝ մեկ դոլարը 73 եվրոցենտ: Իսկ Հայաստանում գնաց հակառակ պրոցեսը՝ մեկ դոլարը 353-ից դարձավ 368 դրամ: Ասում էին, որ դոլարի կուրսը Հայաստանում ընկնում է, քանի որ ունենք երկնիշ աճ, տուրիստներն են գալիս: Ապրիլին ի՞նչ եղավ. տուրիստները վերացա՞ն, աճը խախտվե՞ց: Հիմա ամբողջ աշխարհում դոլարի կուրսը բարձրանում է, մեկ դոլարը 73 եվրոցենտից 75 դարձավ, այսինքն՝ 2.5 աճ է տվել, իսկ Հայաստանում հակառակը՝ 353-ից իջել է 342-ի: Անտրամաբանական եւ անհասկանալի խաղեր են, որը բխում են միայն եւ միայն մի խումբ մարդկանց շահերից:

-Ո՞ւմ նկատի ունեք: Ո՞ր խմբերին են ձեռնտու այս տատանումները:

-Ազգային դրամի այս արհեստական բարձրացումը ձեռնտու է ներմուծողներին: Իզուր չի, որ արտաքին առեւտրի դեֆիցիտը գնալով մեծանում է: Իմ կանխատեսումներով, այս տարի մենք ունենալու ենք 1,5մլրդ -ից 2 մլրդ դոլարի արտաքին առեւտրի դեֆիցիտ, քանի որ այս կուրսով խթանում ենք ներմուծումը, եւ հակառակը՝ խոչընդոտում ազգային արտադրանքի զարգացմանը եւ աճին:

-Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը սատարո՞ւմ է այդ խմբերին:

-Իհարկե, նա էլ է խոստովանել: Մինչեւ 2005թ. նա բոլորիս խաբում էր, թե ինքը կապ չունի դոլար-դրամ խաղի հետ: Ասում էր՝ դոլարի կուրսը Հայաստանում ազատ լողացող է եւ ինքը որեւէ կապ չունի՝ ուզում է լողա, ուզում է թռչի: Հետաքրքիրն այն է, որ 2005թ. հոկտեմբերի 7-ին հակառակը ասաց, թե Հայաստանում կուրսը ոչ թե ազատ լողացող է, այլ կարգավորվող լողացող: Եւ այդ կարգավորումը անում է ԿԲ-ը: Այսինքն, նրա խոսքերից կարելի է հասկանալ, որ այդ ամեն ինչի հետեւում կանգնած է ինքը:

-Որքա՞ն կարող են տեւել արժութային այս տատանումները

-Կախված է նրանց ախորժակից, ոչ ոք չգիտի:

-Հնարավոր է կրկին դոլարը արժեւորվի՞:

- Եթե այդ խմբին անհրաժեշտ լինի դրամ, դոլարները կփոխեն բարձր կուրսով: Կախված է իրենց շահերից: Ապրիլին ընտրություններին հարկավոր էր դրամ, դոլարը բարձրացրեցին:

-2008թ. նախագահական ընտրություններին կարո՞ղ է դոլարի կուրսը բարձրանա:

-Հնարավոր է: Դրամ է պետք ընտակաշառքի համար: Ապրիլին դրամները հավաքեցին, կուրսը գցեցին: Հիմա անցել է, իրենց ծախսած դոլարները էժան գնով վերադարձնում են:

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված ոսկու գնի բարձրացում-իջեցումը:

-Դոլարի հետ է կապված: Համաշխարհային շուկայում դոլարի գինը հենց բարձրանում է, ոսկու գինը ընկնում է: Եւ հակառակը: Այսինքն` ոսկին կուտակում են բանկերը, խոշոր գործարարները:

-Ընտրությունները ի՞նչ ազդեցություն թողեցին Հայաստանի տնտեսության վրա:

-Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ոչ մի ընտրություն տնտեսության վրա չի ազդում: Օրինակ` 2003թ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին Հայաստանն ունեցավ իր պատմության մեջ ամենաբարձր տնտեսական աճը` 13.9: 2005թ. անցկացրինք հանրաքվե, էլի ունեցանք 13.9 տոկոս աճ: Այսինքն՝ մեզ մոտ հակառակ պրոցեսն է, մենք ունենում ենք աճ:

-Սովորաբար զարգացած երկրներում ընտրությունները ի՞նչ հետեւանք են ունենում տնտեսության վրա:

-Քաղաքական ակտիվությունը զսպում է տնտեսական ակտիվությունը, քանի որ մարդիկ զբաղված են քաղաքական հարցերով, ոչ թե տնտեսական:

-Այդ դեպքում ինչո՞ւ է մեզ մոտ հակառակը:

-Քանի որ մենք ուրիշ ենք եւ մերն ուրիշ է: Այլ խոսքեր չեմ գտնում:

Զրուցեց Քնարիկ Իսոյանը