Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ արտգործնախարարի հանդիպումը Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ (տեսանյութ)

Պաշտոնական
agn-4

Հոկտեմբերի 12-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատի հետ: Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը և Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահը կարևորեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակրեպության հարթակը, որը լավ հնարավորություններ է ընձեռում անդամ պետություններին ներգրավվել ինչպես բազմակողմ, այնպես էլ՝ երկկողմ ձևաչափերում, հատկապես հաշվի առնելով ՖՄԿ-ում աֆրիկյան մայրցամաքի երկրների զգալի ներկայությունը: Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում Հայաստանի ներկայության ընդլայնման հեռանկարների ու համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ: Զոհրաբ Մնացականյանի և Մուսա Ֆակի Մահամատի ուշադրության կենտրոնում էին նաև ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերը, ինչպես նաև Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքները:       Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դյուսսեյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր բնագավառներում առավել սերտ համագործակցություն ծավալելու հեռանկարները, անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական կապերի ակտիվացման և այդ ուղղությամբ տարածաշրջանային փոխգործակցություն ծավալելու հեռանկարներին: ԱԳ նախարարները կարևորեցին փոխգործակցության բազմակողմ ձևաչափերը, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը՝ երկկողմ և բազմակողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացող հարցերի առնչությամբ սերտ համագործակցության ծավալման համար: Զոհրաբ Մնացականյանը և Ռոբերտ Դյուսսեյն մտքեր փոխանակեցին նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքների և օրակարգի հարցերի շուրջ: