ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ՈՒ ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՋրային ռեսուրսները կառավարելիս անհրաժեշտ է համագործակցել: ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության` Հարավային Կովկասի Ջրային ռեսուրսների ծրագրի շրջանակներում Ձորագետում քննարկման էին հրավիրել Հայաստանի հյուսիսային ջրավազանի տարածքում ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Մասնակիցները դիտարկեցին Ջրի ազգային ծրագրից բխող միջգերատեսչական համագործակցության խնդիրները:
Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման պատասխանատուները խոսեցին համագործակցության հնարավոր տարբերակների, այդ ճանապարհին ծառացած խնդիրների լուծման մասին:
Հարավային Կովկասի Ջրային ռեսուրսների ծրագրի Հայաստանի խմբի ղեկավար Ինեսսա Գաբայանը կարծում է, որ ջրավազանային կառավարման ոլորտում տարբեր գերատեսչությունների միջեւ գոյություն ունի համագործակցություն, ինչն ավելի շատ ամրագրված է օրենսդրական կամ ենթաօրենսդրական մակարդակում:
«Դա ավելի շատ ուղղված է կենտրոնական մարմինների միջեւ գոյություն ունեցող համագործակցությանը»,-ասում է Ինեսսա Գաբայանն ու կարեւորում մեկ քայլ ցածր մակարդակում համագործակցությունը, ինչը կընդգրկի տարածքային կառավարման մարմիններին: Ինեսսա Գաբայանը կարեւորում է այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնցով հնարավոր կլինի մի գերատեսչության տեղեկատվությունը արագորեն տեղափոխել մեկ այլ գերատեսչություն: Հակառակ դեպքում այն պատկերը, որն առկա է այժմյան պետական կառույցներում, կշարունակի անիրազեկության մեջ պահել մարզը կառավարող մարմնի ներկայացուցիչներին «սեփական» տարածքում տեղի ունեցող երեւույթներից ու գործընթացներից: Թարմ օրինակը քննարկմանը մասնակցող Տավուշի մարզպետարանի ներկայացուցչի դիտարկումն էր, երբ ջրօգտագործման թույլտվություն տալու առաջնային փուլում մարզպետարանը տրամադրում է թույլտվության համար տեղեկանք ու հետագայում մնում անիրազեկ, թե ինչպես օգտագործվեց տեղեկանքը, արդյո՞ք դրա հիման վրա մարզի տարածքի համապատասխան հատվածում տրվեց ջրօգտագործման թույլտվություն, թե ոչ:
Հարավային Կովկասի Ջրային ռեսուրսների ծրագրի Հայաստանի խմբումը պատրաստվում է քնարկման արդյունքները ամփոփել ու դրանք համապատասխան առաջարկություններով ներկայացնել ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման նախարարություններ ու Ջրի ազգային խորհուրդ:
Նաիրա Բուլղադարյան