Ուրցաձորցիները պահանջում են համայնքապետի հրաժարականը (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց ցուցարարներն են՝ ներկայացնելով տարբեր խնդիրներ։ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի բնակիչները դեմ են գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի գործունեությանը՝ համարելով, որ նա չունի համապատասխան գիտելիքներ գյուղը կառավարելու համար։ «Մենք պահանջում ենք, որ Արարատի մարզպետը Ուրցաձոր գյուղի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի հարցը վերանայի, որովհետև այսքան ժողովուրդ համաձայն չէ, որ նա ղեկավարի գյուղը։ Մոտ 300 հոգի հավաքվել է գյուղապետարանի դիմաց, որպեսզի մարզպետը գա և մենք ներկայացնենք մեր պահանջը, սակայն մարզպետարանից մեզ ասում են 3 ամիս համբերեք, թող լինի նոր ընտրություններ»,- ասում է ուրցաձորցի բնակիչներից մեկը։ Կառավարության դիմաց բողոքողների մեջ էր նաև Քրիստինե Թովմասյանը, որը պահանջում է վերանայել իր եղբոր գործը։ Նա մեղադրվում է անձի առևանգման մեջ։ Քրիստինեի պնդմամբ, իր եղբայրը աղջկա համաձայնությամբ, ընկերների հետ նրան բերել է տուն և միասին ապրել են 4 ամիս, որից հետո աղջիկը հեռացել է տնից՝ մեղադրելով տղային և իր ընկերներին իրեն առևանգելու մեջ. «Մենք պահանջում ենք, որ համաներումը տարածվի նաև եղբորս վրա, որպեսզի սխալ մեղադրանքի պատճառով նա և իր ընկերները չդատապարտվեն, քանի որ նրանք էլ ընտանիքներ ունեն և առևանգելու նպատակ չեն ունեցել, դա եղել է աղջկա և տղայի փոխհամաձայնության արդյունքում»։