ԴՐԱՄԻ ԱՐԺԵւՈՐՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Աջակցիր «Ա1+»-ինԵթե ցանկանում ենք, որ գնաճը մնա ցածր, ուրեմն դրամը պետք է շարունակի արժեւորվել: Եթե երկրում արտարժութային մեծ հոսքեր կան, ապա, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Մարտա Կաստելո-Բրանկոյի, կամ պետք է լինի մեծ գնաճ կամ դրամի արժեւորում: Բայց այս պայմաններում դրամի արժեւորումն ավելի ձեռնտու է, քան գնաճը, որից, ըստ նրա, ավելի շատ մարդիկ են տուժում: Որպես հարցի լուծում՝ ԱՄՀ ղեկավարն գտնում է, որ պետք է բարձրացնել արտադրողականությունը, ինչպես նաեւ հարկավոր է ունենալ շրջահայաց դրամավարկային քաղաքականություն, ինչն Հայաստանն ունի:
ԱՄՀ ներկայացուցիչները հունիսի 26 - հուլիսի 2-ը հանդիպել են նոր կառավարության, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի, մասնավոր հատվածի ներկայացուցիչների ու միջազգային դոնորների հետ: Քննարկումների հիմնական առանցքը եղել են կենսաթոշակային բարեփոխումները, գազի սուբսիդիան եւ արտաքին մրցունակության պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները:
ԱՄՀ-ն իր ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ Հայաստան ներհոսող շատ մեծ ծավալի արտարժույթը շուկայից ԿԲ-ն ուղղակի գնում է, եւ քանի նա շարունակելու է գնել, արտարժույթը դեռ գնաճային ճնշումներ կառաջացնի: «Ապագայի համար հիմնական մարտահրավերն է պահպանել տնտեսական աճի բարձր եւ գնաճի ցածր ցուցանիշները: Այս նպատակով պետք է կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել: Դա ներառում է մի շարք միջոցառումներ՝ հարկային վարչարարության բարելավում, հարկային արտոնությունների կրճատում, ֆինանսական միջնորդության որակի բարելավում, կոռուպցիայի կրճատում ե այլն: Այս ամենը կնպաստեն տնտեսության արտադրողականության բարձարցմանը»,- նշեց տիկին Մարտան՝ ավելացնելով, որ արտարժույթի նման հոսքը դժվար թե մոտ ապագայում դադարի, իսկ դրամի արժեւորման միտումները շատ հնարավոր է, որ շարունակվեն: Ինչ վերաբերում է ԿԲ-ին, ապա այն, ըստ նրա, այդ կարճ ժամանակահատվածում շատ մեծ բան անել չի կարող՝ կանխելու այդ իրավիճակը:
Ամենամեծ մտահոգությունը Կաստելո-Բրանկոյի համար Ուկրաինայում, Ռուսաստանում երաշտի պատճառով արտահանվող ցորենի գների բարձրացումն է: Դա ազդել է շատ պետություների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի վրա: Այն հարցին, թե արդյո՞ք 2007թ. Հայաստանում ցորենի գնի աճի հետեւանքով արձանագրված 8,6 տոկոս ինֆլյացիան այս տարի եւս կկրկնվի՞, տիկին Կաստելո-Բրանկոն նշեց, որ «դա արտաքին, անակնկալ ցնցում է, որը կարող է այս տարի ազդել գնաճի ցուցանիշի վրա»:
Նրան մտահոգում էր նաեւ անցած տարի ներդրված` գազի սուբսիդավորման հարցը. «Եթե 2009թ. ստորագրվի գազամատակարարման նոր պայմանագիրը, ապա որոշակի շանս կա, որ գինն ավելի բարձր կլինի, քան կա այսօր: Այս պահի դրութամբ սպառողները սուբսիդների շնորհիվ 1 խմ գազի դիմաց վճարում են 55 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանը վճարում է նույն ծավալի գազի դիմաց 110 դոլար: 2009թ. այն կարող է դառնալ 200 դոլարից ավելի: Կարծում ենք, որ լավագույն տարբերակն այն է, որ մոտ ապագայում աստիճանական տեմպերով նվազեցվի սուբսիդիան»,- նշում է ԱՄՀ ղեկավարը: Այս պարագայում, ըստ նրա, կկարողանան պաշտպանել հատկապես նրանց, ովքեր ավելի կարիքավոր են: