Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանը
Ֆրանսիայում՝ Ստրասբուրգում, նոյեմբերի 6-8-ն անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանը: Աշխատանքային այցով Ստրասբուրգում է ԵԽ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Կոնգրեսի 35-րդ նստաշրջանն անցկացվում է Տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների բարեխղճություն և էթիկական վարքագիծը խորագրով: Նստաշրջանի առաջին օրը տեղի ունեցավ Կոնգրես նախագահի ընտրություն: Նախագահի պաշտոնում ընտրվեց Անդերս Կնապեն: Նստաշրջանի ընթացքում կքննարկվի Եվրոպայի համայնքներում ռեգիոններում տեղական մակարդակում քվեարկելու իրավունքը՝ որպես միգրանտների և տեղահանված անձանց երկարաժամկետ հաջող ինտեգրացիայի կարևոր տարր թեմայով զեկույց: Այն վերաբերում է ԵԽ անդամ երկրներում միգրանտների և տեղահանված անձանց քվեարկելու իրավունքին: Նոյեմբերի 7-ին Կոնգրեսում քննարկման կդրվի Տեղական և ռեգիոնալ կառավարման մեջ ներգրավված բոլոր անձանց համար եվրոպական վարգածի կանոնակարգի վերանայում խորագրով զեկույց: Հաշվի առնելով՝ կոռուպցիան իր բոլոր ձևերով սպառնալիք է ժողովրդավարության, տնտեսական զարգացման և սոցիալական համախմբվածության համար՝ Կոնգրեսը սահմանում է էթիկական վարքագծի հիմնական սկզբունքներ և չափանիշներ բոլոր այն անձանց համար, որոնք ներգրավված են տեղական և ռեգիոնալ կառավարման մեջ: Թափանցիկությանն ու բաց կառավարմանը վերաբերող հարցերը ևս կլինեն օրակարգային: Նախատեսվում է նաև Կոնգրեսի Խարտիայի վերանայում: Նոյեմբերի 7-ին նախատեսվում է Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության և Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունելություն, նոյեմբերի 8-ին տեղի կունենա Կոնգրեսի պատվավոր անդամներին Կոնգրեսի մեդալով պարգևատրման արարողություն: ԵԽ Կոնգրեսը կքննարկի նաև Նիդերլանդներում տեղական ընտրությունների, Սլովենիայում, Լիտվայում, Վրաստանում տեղական ժողովրդավարության վերաբերյալ զեկույցներ: Կքննարկվի նաև Մոլդովայի Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ տեղական ընտրությունների վերաբերյալ զեկույց: Կքննարկվեն նաև համայնքներում ճնշումներին առնչվող հարցեր: