Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

am ՏԻՐՈՒՅԹՈՒՄ ԴՈՄԵՅՆ ՔԻՉ ԵՆ ԳՆՈՒՄ

Տնտեսություն

Չնայած am տիրույթը բաց է բոլորի համար եւ տարեկան 26 ԱՄՆ դոլարով կարելի է գնել անգամ պետական նշանակությամբ անուններ, սակայն այս տիրույթում կայքեր գնելու պատվերներ քիչ են լինում: Հայաստանի «Ինտերնետ միության» նախագահ Իգոր Մկրտումյան խոսքերով` ոլորտը դեռ դոփում է տողում:

«Այս տարի ընդամենը 200 դոմեյն է գրանցվել եւ եթե համեմատելու լինենք, օրինակ` Գերմանիայում մեկ տարում 10 մլն դոմեյն է գրանցվում»,- «Ա1+»-ին հայտնեց Իգոր Մկրտումյան: Նա նաեւ նշեց, որ հիմա բոլոր սահմանափակումները հանված են եւ ընդհանուր նշանակությամբ անունները, օրինակ` armenian.am, travel.am, video.am, finance.am վաճառքի են հանված, բայց դիմումները էլի քիչ են:

Համեմատության կարգով նշենք, որ com կամ org տիրույթում դոմեյն գնելը 5-10 ԱՄՆ դոլար է am-ի 26-ի փոխարեն եւ գինը հավանաբար եւս նշանակություն ունի:

Հատկանշական է, որ 10 տարվա ընթացքում am տիրույթում 4000 դոմեյն է գրանցվել եւ շատ կարեւոր անվամբ դոմեյնները պատկանում են արտասահմանյան ընկերություններ am տիրույթում կայք բացելու համար պիտի գրանցվել «Ինտերնետ միության» կայքում` լրացնելով համապատասխան թերթիկը եւ նշելով նախընտրած անվանումը: Այնուհետեւ պետք է նշել գրանցումն անցկացնող ինտերնետային կապ մատակարարող հայկական ընկերություններից մեկին եւ հետո այցելել նախընտրած ընկերություն եւ կնքել պայմանագիրը:

Իսկ ինչպե՞ս է կարգավորվում հեղինակային իրավունքի խնդիրը այն դեպքում, երբ գրանցված դոմեյնի անունով ընկերություն գոյություն ունի եւ արդյո՞ք այդպիսի նախադեպեր եղել են` հարցին` «Ինտերնետ միության» նախագահ ասաց, որ բողոքներ եղել են:

«Մենք ուղություն ենք ցույց տվել եւ դատական քաշքշուկի չի հասել»,-ասաց Իգոր Մկրտումյան:

Նշենք, որ «Ինտերնետ միությունը» հիմնվել է 1994թ-ին եւ ստենձնել է am տիրույթի միանձնյա ղեկավարման իրավունքը: «Ինտերնետ միությունը» չի վերահսկում կայքի բովանդակությունը եւ իրավունք չունի հետ վերցնել վաճառված դոմեյնը: