Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել. Մ. Մելքումյան

Տնտեսություն
melqumyan

«2019թ-ի փետրվարի մեկից հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագնի նվազում: Դրա համար բոլոր պաշարները կան»,-այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ-ում ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: «Եթե հայթայթվեն այդ գումարները, 3-3,5 դրամով հնարավոր է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Էլեկտրաէներգիայի միջին սակագինը 39,9 դրամ է: Մելքումյանը թվարկեց այն բոլոր ռեզերվները, թե որտեղից կարելի է ստանալ գումարները. «Իջեցման ռեզերվները պետք է փնտրել ոչ միայ ՀԷՑ-ում, այլ բոլոր արտադրող կայաններում: Պետական սեփականություն հանդիսացող 2 կայանները՝ Ատոմակայանը և ՋԷԿ-ը, բաշխման ամբողջ ծավալի 55%-ն են կազմում:

Այսօր ՀԷՑ-ի մաքուր  շահութաբերությունը  կազմում է 14 տոկոս: Մենք ակնկալում ենք, որ 14 տոկոսը գոնե իջնի 12 տոկոսի: Այսօր էլէկտրաէներգիայի կորուստը 11 տոկոս է, բայց փաստացի մոտ 9 տոկոս է»: Անդրադառնալով գազի սակագնին, Միքայել Մելքումյանը նկատեց, որ պետք է շարունակվեն բանակցությունները եւ գազի սակագինը սահմանի վրա իջնի:

Ըստ նրա՝ հետաքրքիր հնարավորություններ կան: «Իսկ ինչո՞ւ չքննարկել այն հարցը, որ գազի փոխադրման  համակարգը գազի բաշխման համակարգից տարանջատենք: Ինչո՞ւ չգնալ ազատականացման ճանապարհով, սա ամբողջ աշխարհում օգտագործվող գործիքներից մեկն է: Այսօրվա իրավիճակը. ֆինանսական բեռ եւ այլն, կապված են անցած տարիների կատարած եւ չկատարած պարտավորությունների հետ»: