«Ո՞նց կարող է չմասնակցի». Մելքումյանը՝ Ծառուկյանի՝ քարոզարշավին մասնակցել-չմասնակցելու մասին
Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին: Նրա կուսակից Միքայել Մելքումյանը խորհուրդ է տալիս չանհանգստանալ. «Ո՞նց կարող է չմասնակցի»: Ծառուկյանին եւ իր թիմին հայաստանիցները կտեսնեն եւ դահլիճներում եւ բացօթյա հանդիպումների ժամանակ: «Դուք կտեսնեք, որ ավելի շատ դրսերում կլինի: Չանհանգստանաք, это нам не грозит: Մենք մեր ռեսուրսն ունենք, մեր կառույցները տեղում են, մեր համակրանքն ունենք»,-ասաց ԱԺ փոխնախագահը: ԲՀԿ-ականն ափսոսում է, որ առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացվելու են չփոփոխված ընտրական օրնեսգրքով. «Պահպանվեց այս ռեյտինգային համակարգը, որը համարում եմ, մեղմ ասած՝ շատ հետամնաց եւ անտեղի համակարգ»: Այնուամենայնիվ, նույն հետամնաց ռեյտինգային ընտրակարգով պատգամավորն առաջադրվել է Կենտրոն, Էրեբունի եւ Նորք-Մարաշ համայնքներում: Միքայել Մելքումյանը խոստանում է՝ նստած չի մնալու: «Ես փողոցներում եւ քայլելու եմ եւ մարդկանց հանդիպելու եմ, հիմա էլ եմ ես քայլում: Անընդհատ քայլում եմ եւ տեսնում եմ, որ մարդիկ հանգիստ են ընդունում: Բայց սա արդեն իրեն սպառած համակարգ է, եւ մենք պետք է անպայման հիմքեր դնենք, որ այդ համակարգը չլինի: Մենք պետք է ունենանք քաղաքական կշիռ ունեցող խորհրդարան»,-նշեց Մելքումյանը: Մեծ աղմուկ բարձրացրած՝ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման ինստիտուտն, ըստ ԱԺ փոխախագահի՝ ամբողջ աշխարհում կիրառվում է: Սակայն, Հայաստանում դրան հասնելու համար պետք է նախապատրաստական աշխատանքներ արվեն. «Մարդկանց մեջ օրինական խտրականություն չմտցվի, այսինքն՝ ես ասացի՝ եթե մարդը կարողանում է եկամուտներ ցույց տալ արդեն, որը ստուգելու մեխանիզմներ չկա հիմա, պետք է նախապատրաստել թե որ կետից ինչ է լինում: Բայց, որպեսզի տվյալ միջոցառումը ունենա հաջողություն, պետք է ճիշտ նախապատևրաստվել»: