«ԱՇՆԱՆ ՀԱՌԱՉԱՆՔԸ» ԴԵՌ ՄԻԱՅՆ ՍՑԵՆԱՐ Է
Աջակցիր «Ա1+»-ինԹուրք պրոդյուսեր Ֆիզուլահ Սերկան Ակարը մասնակցում է երեւանյան «Ոսկե ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատոնին,իսկ ավելի կոնկրետ՝ «Ռեժիսորներ առանց սահամանների» սեմինար-քննարկումներին: Նա ունի մի ֆիլմի նախագիծ, որն այսօր ներկայացրեց այլ երկրներից ժամանած իր գործընկերներին:
Ֆիզուլահ Սերկան Ակարը Երեւանում է հայկական կողմի հրավերքով: Այստեղ գալու նպատակներից մեկն ինչպես իր նախագծի ներկայացումն է, այնպես էլ հատկապես Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի պրոդյուսերների եւ կինոտնօրենների հետ հանդիպում-քննարկումներ ունենալը: Ինչ վերաբերում է հայ պրոդյուսերների հետ համագործակցությանը, ապա, Ֆիզուլահի վստահեցմամբ, նրանցից որեւէ մեկը եթե հետաքրքրված լինի իր նախագծով, ապա շատ ուրախ կլինի:
«Հայերն ու թուրքերը կարող են փոխադարձ ֆիլմերի համար պրոդյուսերություն անել, բայց ամենից կարեւորը կապերի ստեղծումն է: Եթե քաղաքական երկկողմ հարցերը լուծվեն, այլեւս ոչ մի խնդիր չենք ունենա»,- կարծում է Ֆիզուլահը:
Նրա վստահեցմամբ՝ ինքն ու իր ընկերներն Հայաստան գալիս ոչ մի խնդիր չեն ունեցել իրենց երկրում: Սակայն, կարծում է, որ եթե պետական սահմանները բացվեն, երկկողմ համագործակցությունը կարող է շարունակվել նաեւ ապագայում, եւ դա կարող է բարերար ազդեցություն ունենալ նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա:
Սովորական քաղաքացիների հետ Ֆիզուլահը Երեւանում շփվելու հնարավորություն դեռ չի ունեցել. շփումները դեռեւս սահմանափակվում են միայն փառատոնի շրջանակներում: Թուրքիայում նա ունի հայ ընկերներ, որոնք տվել են Հայաստանում ապրող իրենց ընկերների անունները: Նրանց հետ Ֆիզուլահ Սերկան Ակարը հասցրել է հանդիպել եւ շատ լավ տպավորություն է ստացել նրանցից: Նա ցանկություն ունի շրջել Հայաստանում, սակայն ժամանակի սղության պատճառով, հույս չունի, որ կհասցնի, քանի որ փառատոնից անմիջապես հետո պետք է մեկնի Երեւանից:
Ի դեպ, նրա ներկայացրած ֆիլմը կոչվում է «Աշնան հառաչանքը»: Սցենարի հեղինակը Օսկան Ալպերն է, որը, պարզվեց, համշենահայ է, թեեւ այնքան էլ լավ չի տիրապետում հայերենին:
Ֆիլմը սիրո մի պատմություն է, մի մարդու կյանքի պատմություն, որն ապրում է Վրաստանի եւ Թուրքիայի սահմանին: Նրան իր հեղափոխական գաղափարների համար ձերբակալում են, սակայն բանտում ձեռք բերած թոքերի հիվանդության պատճառով 12 տարի անց ազատ արձակում: Տուն վերադառնալիս սիրահարվում է վատ վարքի տեր մի վրացուհու, որին գյուղում հալածում են: Մարդը որոշում է վրացուհու հետ ձմռանը մեկնել այլ երկիր, բայց հիվանդության պատճառով մահանում է: