Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«VIVA CeLL»-Ը ՏԱՆԸ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՈՒՍՏ ԱՂՋԻԿ է

Տնտեսություն

«Viva Cell»-ի բաժնետոմսերը չեն վաճառվելու ռուսական ընկերության. համենայնդեպս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ժխտում է այդ մասին շրջանառվող լուրերը,

Նա «Viva Cell»-ը պատկերավոր համեմատում է «գեղեցիկ, 18 տարեկան երիտասարդ մի աղջկա հետ, որի շուրջ, բնականաբար, փեսաները շատ են»: «Այս աղջիկն անընդհատ զանգեր է ստանում այս փեսաների կողմից, որոնք ուզում են ծանոթանալ նրա հետ, ուզում են նրա հետ մի տեղ գնալ եւ այլն: Սակայն, կարող եմ ասել, որ այս սիրուն աղջիկն այսօրվա դրությամբ չի ցանկանում ամուսանանալ. իր կյանքը դեռ առջեւում է: Միեւնույն ժամանակ այս սիրուն, երիտասարդ աղջիկը հարուստ է եւ բավարարված է ամեն ինչով ու հիմա ցանականում է մտածել միայն իր ապագայի մասին` դեռ տանն է ուզում մնալ»,- «Viva Cell»-ի ներկա իրավիճակն այսպես պատկերավոր ներկայացրեց Ռալֆ Յիրիկյանը` ընկերության ստեղծման 2-րդ տարեդարձի ժամանակ:

Բացի այդ` ընկերության տնօրենների խորհրդի անդամ Հուսեյն Ռիֆային ավելացրեց ,որ ընկերությունը ծրագրում է մտնել ֆոնդային բորսայի շուկա:

«Սրանով մենք ցանկանում ենք հնարավորություն տալ յուրաքանչյուր հայ բաժանորդի, հիմնականում «VivaCell»-ի բաժանորդներից, դառնալ բաժնետեր այս ընկերությունում: Հույս ունենք, որ մեր 1 մլն-ից ավելի բաժանորդներ կդառնան մեր ապագա բաժնետերերը»,- ասաց Հուսեյն Ռիֆային: Այս մասին, սակայն, քննարկումներն ու ուսումնասիրությունները դեռ շարունակվում են:

Այն հարցին, թե արդյոք «Viva Cell»-ը չի՞ պատրաստվում «ԱրմենՏել»-ից գնել բջջային ցանցի բաժնետոմսերը, մանավանդ, որ «Viva Cell»-ն այժմ ընդգրկում է ամբողջ ՀՀ տարածքի մոտ 98,8 տոկոս ծածկույթը` Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ նման տրամադրվածություն իրենք չունեն. այս պահին մտածում են միայն իրենց գործունեության մասին: «Մեր նպատակն է աշխուժացնել շուկան: Եթե ուզենանք վերցնել «ԱրմենՏել»-ը, ապա պիտի վերդառանանք մենաշնորհային վիճակին, որին մենք չենք ձգտում: Դրա վկայությունն է սակագների բարելավումը»,- ավելացրեց «Viva Cell»-ի գլխավոր տնօրենը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներին, ապա ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պիեր Ֆաթուշը նշեց, որ ներդրումները եղել են եւ շարունակվելու են: «Մեր ներդրումները տնտեսության մեջ կնպաստեն տարածաշրջանում Հայաստանի առաջխաղացմանը: Մեր առաջնային նպատակներից մեկն է հայ ժողովրդի համար ստեղծել նոր աշխատատեղեր: Մոտ ապագայում ներդրումներ ենք նախատեսել անելու հանքարդյունաբերության ոլորտում»,- ասաց Պիեր Ֆաթուշը: