Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց. երթը շարունակվում է (տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս պահին Շենգավիթ վարչական շրջանում է: Նրան ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը, իր թիմակիցները՝ պատգամավորներ, նախարարի պաշտոնակատարներ: Համաերեւանյան երթն այսօր սկսվել է առավոտյան ժամը 10-ից Նոր Նորքի 6-րդ զանգվածից: Այնուհետեւ երթի մասնակիցները ողջունել են Ավանի բնակիչներին, Քավաքեռ-Զեյթուն համայնքով քայլել դեպի Արաբկիր վարչական շրջան: Համաերեւանյան երթի մասնակիցները եղել են Կենտրոն վարչական շրջանում, Շենգավիթ համայնքում: Փաշինյանի խոսքով՝ այսօրվա երթը 2018թվականի մարտի 31-ին՝ Գյումրիի Վարդանանց հրապարակից մեկնարկած քայլարշավի յուրատեսակ ամփոփումն է. «Քայլարշավը պսակվեց Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ: Ըստ էության, երկու օրից այդ քաղաքական փուլը ամփոփվում է և քաղաքական փուլի ամփոփումով մենք կարող ենք ասել, որ «Իմ քայլը» շարժման հարթակը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները», -երթի ընթացքում հայտարարեց նա: Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ կատարված պարտավորություններն են Հայաստանում ընտրությունների կեղծման, ընտրակաշառքներ բաժանելու, մարդկանց ճնշումների պրակտիկան արմատախիլ անելը, մենաշնորհները վերացնելը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելը, օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության ապահովումը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հաջողության հասնելու դեպքում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կշարունակեն ղեկավարել ոլորտները: Այս մասին վարչապետի պաշտոնակատարն ասել է համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում: Լրագրողների հետ զրույցում, երթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց այն վարչական շրջանների բնակիչներից, որտեղ այսօր երթով չի անցնի: