ՓԱԿԱՆԻ ՄԵՋ ԼՈՒՑԿՈՒ ՀԱՏԻԿՆԵՐ ԷԻՆ ԽՑԿԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ Գյումրիում հայտնաբերվել էր 1995 թ ծնված Ռոբերտ Սիմոնյանի դիակը: 12-ամյա պատանին կորած էր համարվում մայիսի 20-ից: Թիվ 15 միջնակարգ դպրոցի հարեւանությամբ գտնվող տնակային թաղամասում բնակվող Ռոբերտի դիակը գտնվել է նույն թաղամասի՝ 213-ի 146 տնակից՝ տնակի տիրոջ Հայկուշ Գրիգորյանի կողմից: Տնակի ներսում տեղազննություն են իրականացրել իրավապահները եւ նրանց կողմից հրավիրված սակրավորները: Գտնված դիակը տնակից տեղափոխվել է միայն 0 ժամ 30 րոպեին: Նախնական տվյալներով` տնակի ներսում պայթյուն է եղել:
Տնակի ներսի սենյակներից մեկի հատակին հայտնաբերվել է մոտ 15 սանտիմետր տրամագծով անցք, իսկ պատերին ու առաստաղին` բեկորային վնասվածքների հետքեր: Իսկ 1995 թվականին ծնված Ռոբերտ Սիմոնյանի դիակն արտահայտված ձեւով նեխած էր: Գլխի, կրծքավանդակի, որովայնի փափուկ հյուսվածքներն ու ներքին օրգանները աննշան չափով էին պահպանված: Դիահերձմամբ Ռոբերտ Սիմոնյանի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են մետաղական բազմաթիվ բեկորներ, ինչը կարող էր պայթյունի արդյունք լինել:
Թիվ 213 տնակային թաղամասում Հայկուշ Գրիգորյանի որդուն՝ Մեխակ Գրիգորյանին պատկանող 146 տնակում յոթ տարի ոչ ոք չի բնակվել: Տնակատերերն ապրել են Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Հայկուշ Գրիգորյանն այն հանձնել է հարեւանների հսկողությանը: Վերջին անգամ նա տնակ է մտել մոտ 2 ու կես ամիս առաջ: Երեկ հարեւանները Հայկուշ Գրիգորյանին ասել են, թե տնակի վրա մեծաթիվ ճանճեր են հավաքվել ու նեխած հոտ է գալիս:
Հարեւանների կանչով նա եկել է ու փորձել բացել տնակի դուռը, սակայն դռան փականի մեջ լուցկու հատիկներ են եղել, ու ինքը ներս է մտել պատուհանի փափուկ վանդակաշարերը մի կողմ հրելով.
Նրա խոսքերով ոչինչ չէր երեւում, տնակում ամեն ինչ խառնված էր իրար: Հայկուշ Գրիգորյանի հավաստմամբ, մինչ այդ ոչ մի անգամ տնակից որեւէ իր չի պակասել, օտարների առկայություն էլ չի զգացել: Նա ոչ մեկին չի կասկածում, որովհետեւ 7- 8 տարի տնակը այդտեղ է եւ որեէ նման դեպք տեղի չի ունեցել:
«Ցայգ» հ/ը
ք. Գյումրի