Մենք մեծահարուստ չենք, որ շատ պաստառներ ունենանք. Ազգային առաջընթաց (տեսանյութ)
Ազգային առաջընթաց կուսակցությունը «Նոր իրավիճակ, նոր լուծումներ» կարգախոսով է սկսում ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը նշեց, որ իրենք ձախակողմյան ուժ են։ Կուսակցությունը լինելու է բոլոր մարզերում, հանդիպումներ է ունենալու բնակիչների հետ, իսկ Երեւանում՝ բակային հանդիպումներ։ «Մեր պաստառները կարող է շատ չտեսնեք, մենք մեծահարուստ չենք։ Բայց կլինենք բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում»,-ասաց Հայկ Գրիգորյանը։ Մեծամասնական ընտրակարգով Կոտայքի մարզում առաջադրված Հայկ Փայտյանը ներկայացնելով իրենց ծրագիրը նշեց, որ նորություն են լինելու կրթական ոլորտի բարեփոխումները։ Փայտյանը տեղեկացրեց, որ ուսուցիչ է եւ գիտի կրթական ոլորտի խնդիրների մասին ։ «Պետք է ապակուսակցականացվեն դպրոցները։ Մենք տեսնում ենք կրթությունը որպես տնտեսության գերակա ճյուղ, մենք տեսնում ենք կրթությունը որպես արտահանվող ճյուղ։ Մենք գտնում ենք, որ մեր բուհերը անհրաժեշտ բարեփոխումներից հետո կդառնան կրթություն արտահանող երկիր»-ասաց ուսուցիչը։ Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը նշեց, Ազգային Առաջընթացը նախագահ չունի, կառավարումը կոլեգիալ է՝ կուսակցության խորհրդի եւ վարչության կողմից։ Հայկ Գրիգորյանն անդրադառնալով սոցիալական ոլորտին, ասաց, որ պետք է լինի միջին խավ, քանի որ այն սոցիալապես խոցելի չէ։ «Միջին խավի ձեւավորումը առաջնային կետ է։ Եկամտահարկը պետք է ավելի ճկուն լինի համաչափ՝ ձեւով հարկվելուն դեմ ենք։ Նախատեսում ենք կենսաթոշակային պարտադիր համակարգը փոխարինել եւ դարձնել կամավոր»։ Լուսինե Հարոյանը շարունակելով գործընկերոջ խոսքը, նշեց մյուս բարեփոխումների մասին. «Մեր կուսակցության կարգախոսն է նոր իրավիճակ, նոր բարեփոխումներ եւ դրանք սկսվելու են օրենսդրական դաշտից։ Առաջին բարեփոխումների շարքում մենք կարեւորում ենք պատգամավորի կարգավիճակի փոփոխությունը, որպեսզի վերանա պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը։ Այդ ինստիտուտը պետք է եղել քրեաօլիգարխիկ պատգամավորներին։ Նաեւ հետամուտ ենք լինելու, որպեսզի գործի պատգամավորների հետ կանչի ինստիտուտը»։