ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ ՓՈՂՈՑԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Գյումրիում անհատ տաքսիների վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մարզպետարանի շենքի մոտ: Նրանք դժգոհում էին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» կառավարության նոր որոշումից: Ըստ այդ որոշման` այսուհետ տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիների վարորդները պետք է դիմեն տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ ստանալու արտոնագիր եւ դեղին պետհամարանիշ՝ վճարովի հիմունքներով ուղեւոր փոխադրելու իրավունքը ստանալու համար:
Այս տարվա օգոստոսի 2-ից սկսած՝ այն տաքսի ծառայությունները ու անհատ վարորդները, որոնք չեն ունենա համապատասխան արտոնագիր, կտուգանվեն 20 հազար դրամով, իսկ եթե դրանից հետո էլ արտոնագիր չհանեն՝ կտուգանվեն արդեն կրկնակի: արտոնագիր ստանալու համար յուրաքանչյուր մեքենայի համար պետք է վճարվի 200 հազար դրամ:Հարցը բավականին լուրջ է հատկապես անհատ տաքսիների դեպքում, որովհետեւ օրվա հացի խնդիր հոգացող վարորդի համար 200 հազար դրամը բավական մեծ գումար Է:
Վարորդները ամբողջությամբ փակել էին մարզպետարանի հարակից փողոցը՝ կաթվածահար անելով երթեւեկությունը: Տեսնելով, որ վիճակը գնալով թեժանում է, մարզպետարանի պատասխանատուները որոշեցին վերջապես միջամտել: Փոխմարզպետ Միքայել Վարդանյանն ու Տրանսպորտի եվ ճանապարհաշինության բաժնի պետ Մարզպետունի Մարգարյանը երկար բանակցություններից հետո համոզեցին բողոքավոր վարորդներին բացել ճանապարհը եւ խնդրի քննարկումը շարունակել մարզպետարանում: Նրանք վարորդներին առաջարկեցին ընտրել իրենց ներկայացուցիչներին, որոնք մշտապես կապ կունենան մարզպետարանի պատասխանատուների հետ եւ խոստացան հարցին օպտիմալ լուծում տալ:
«Ցայգ» հ/ը
ք. Գյումրի