Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին կանվանափոխվի Ռաֆայել Լեմկինի անվամբ (տեսանյութ)
Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց , որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արամ Մանուկյանը հրաժարական է ներկայացրել, նրան կփոխարինի «ԻՄ քայլը» դաշինքի հաջորդ համար Նուարդ Վարդանյանը: Երևանի ավագանին հավանություն տվեց Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի փողոց կոչելու որոշման նախագծին։ Հարկ է նշել, որ այս տարվա դեկտեմբերի 9-11-ը Երևանում անցկացվելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ համաշխարհային համաժողովը, որի առաջին նիստը նվիրված է լինելու «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժի մասին» կոնվենցիայի 70-ամյակին: Քննարկման ընթացքում Երևանի ավագանու անդամները նշել են, որ մայրաքաղաքում կոնվենցիայի նախաձեռնող Ռաֆայել Լեմկինի անվամբ փողոց ունենալը յուրօրինակ մեծարում է և ազդակ՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև ընդհանրապես ցեղասպանությունների ճանաչման ու կանխարգելման առումով: Այս հարցի քվեարկությանը չմասնակցեց «Լույս» խմբակցությունը՝ պատճառաբանելով, որ փակուղին անվանակոչելով հարգանքի տուրք մատուցել պետք չէ. «Վարչական շրջաններից որևէ մեկում փողոց անվանափոխեիք, անպայման չի, որ կենտրոնում լինի»,- նշեց ավագանու անդամ Անի Սամսոնյանը Ընդունվեց նաև աուդիտորական ծառայությունների մասին որոշում: