Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՏՐՈՆԻՆ ՕԳՆԵԼԸ ՊԱՏԻՎ Է

Մշակույթ

Շաբաթը երկու անգամ փոքրիկ, կիսանկուղային դահլիճում «Ագուլիս» թատրոն- ստուդիան երեխաների համար ներկայացնում է իր բեմադրությունները: Դեռեւս երկու տարի առաջ թատրոնի հիմնադիր- ղեկավար Երվանդ Մանարյանը դիմել էր Երեւանի քաղաքապետարանին` կցակառույց կառուցելու խնդրանքով, սակայն քաղաքապետարանից պատասխանել են, որ այդ նախագիծը խաթարում է շենքի արտաքին տեսքը:

Երվանդ Մանարյանը այդ պատասխանը տրամաբանական կհամարեր այն դեպքում, երբ դա ասվեր մեկ ուրիշի կողմից:

«Երբ տեսնում ենք` քաղաքապետարանի կողմից ինչ վերաբերմունք է մեր քաղաքին, շենքերին, ու դրանն զուգահեռ ասվում է` 1.5մետր նկուղից բարձրանալը եւ պատշգամբ կառուցելը խաթարում է շենքի արտաքին տեսքը, ես դա անտրամաբանական եմ համարում»,- «Ա1+»-ին ասաց «Ագուլիս» թատրոն- ստուդիայի հիմնադիր-ղեկավար Երվանդ Մանարյանը:

Նա գտնում է, որ պետությունը ստեղծվում եւ կյանքի է կոչվում նրա համար, որ ժողովրդի եւ հասարակության իրավունքներին տեր կանգի, իսկ եթե պետությունը չի գիտակցում, որ մշակույթը ժողովրդի ինքնությունն է. «Այդ դեպքում պետությունը դառնում է գործարարների մի խումբ, որը ինչ որ մի գործ է անում, բայց եթե առաջնահերթ չի դրվում երկրի մշակույթի խնդիրը, այդ դեպքում պետությունը լինել չի կարող»:

Ըստ Երվանդ Մանարյանի՝ մեր ժողովրդի համար թատրոնը մեր եկեղեցուն հավասար է, եւ մշակութային ամենակարեւոր օջախներից մեկը:

Մանարյանը կարծում է, որ չպետք է թատրոնը բաժանել մասնավորի եւ պետականի, նրանց պետք է հավասար ուշադրություն դարձնել:

«Թատրոնը նույնպես մենաշնորհ է դարձել, քաղաքապետարանը Նոր տարուց առաջ բաժանում է իր տոմսերը երեխաներին եւ այդ դեպքում երեխաներին հնարավորություն չի տրվում գալ թատրոն, քանի որ արդեն պայմանավորվածություն կա ուրիշ տեղ»,- մտահոգված պատմում է Երվանդ Մանարյանը:

Նա համարում է, որ հասարակության մեջ չկան այնպիսի գործարարներ, ովքեր հասել են այն մակարդակին, որ հովանավորեն թատրոնը եւ այդ անեն իբրեւ « պատվի գործ»:

Իսկ թատրոնի զարգացման համար միակ ելքը, ըստ նրա, մեկն է` պետությունը գոնե 90 աստիճանով պետք է թեքվի դեպի թատրոնը: