ԼՀԿ-ն շեշտը դնում է երեխաների վրա (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրարշավի երեւանյան թիմն այսօր վստահության քվե էր խնդրում Շենգավիթ համայնքում: Կուսակցության պատգամավորի թեկնածուները՝ Գեւրոգ Գորգիսյանի գլխավորությամբ Գարեգին Նժդեհի հրապարակի դիմացի մայթից սկսեցին իրենց քարոզը: «Մենք այն թիմն ենք եւ այդ թիմով գնում ենք խորհրդարան՝ շարունակելով մեր աշխատանքը, շարունակելով պաշտպանել քաղաքացու իրավունքները, շարունակելով պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունն ու շահը: Եւ սրա համար մեզ պետք է ձեր վստահության քվեն: Մասնակցեք Հայաստանի Հանրապետության լուսավորման գործին, ամսի 9-ին ընտրեք թիվ 5-ը»,- իր ելույթում նշեց պատգամավորի թեկնածու Գեւորգ Գորգիսյանը: Մոտենալով շենգավիթցիներին, Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչները փոխանցում էին իրենց ծրագիրը եւ նույն ընտրատարածքում վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկանծուների գրքույկները: «Մենք ցույց ենք տվել, ապացուցել ենք, որ մենք կարող ենք գործել, որ միայն խոսքերով չի, որ մեր գործունեությամբ կարող ենք նպաստել պետականաշինությանը: նույն տնտեսական ոլորտի համար մենք ունենք 300 կետանոց ծրագիր, այդ ամբողջը հիմնված է կրթության եւ գիտության վրա: մենք տեսնում ենք կրթության ոլորտում հիմանարար բարեփոխումներ եւ այս ամենը մենք կարող ենք անել»,-ասաց Գորգիսյանը: Բացի վերը թվարկած ոլորտներից, Լուսավոր Հայաստանը չի մոռացել նաեւ երեխաների մասին. «Ես շեշտը դնելու եմ երեխաների վրա, որպեսզի նրանց փոխենք, չթողնենք սխալ ուղու վրա ընկնեն, օգնենք նրանց սպորտով, մտցնենք սպորտի ասպարեզ: Տարեցներին պետք է օգնենք, որպեսզի ապահովենք նրանց զբաղվածությամբ»,-«Ա1+»-ին ասաց պատգամավորի թեկնածու Խաչիկ Բաղդասարյանը: Բակերում ոչ բոլոր բնակիչները մոտեցան կուսակցության ներկայացուցիչներին: Հիմնականում հետեւում էին իրենց տների պատուհաններից: Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածուները խոստացան բնակիչներին խորհրդարանում հայտնվելու դեպքում բարձրաձայնել խնդիրների մասին եւ լուծումներ տալ դրանց: