Գևորգը ինձ համար այն ժամանակ էլ թամամ չի աշխատել. Էդմոն Մարուքյան
Երևանի 1/20 ընտրատեղամասում ընտրություն կատարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: Նա ընտրության էր գնացել որդու հետ: Քվեարկությունից հետո Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր ոչ թե երկրորդը լինելու տրամադրությամբ են, այլ երկրորդն են: Կուսակցությունում ահազանգեր են նաև ստացել: «Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որոնք տրամադրել ենք ոստիկանությանը, անուններ չեմ կարող նշել, որովհետև հակաքարոզչություն կդիտարկվի»: Էդմոն Մարուքյանը համոզված է՝ այսօր հին ու նոր կռվի ավարտն է: «Ես քվեարկել եմ Հայաստանի այն ներկայի համար, որը սկսել է և Հայաստանի ապագայի համար ինչի մասին խոսել ենք քարոզարշավի ժամանակ»: Մարուքյանը քաղաքացիներից ակնկալում է բարձր մասնակցություն: «Առանց ակտիվության անհնար է լուսավորել Հայաստանը, պետք է ակտիվ լինես, որ լուսավորվի»: Ինչ վերաբերում է Գելափի անցկացրած հարցումներին, ըստ որի կուսակցությունը լինելու է 3-րդ տեղում և ստանալու է 3,8 տոկոս ձայն, Էդմոն Մարուքյանն ընդգծեց. «Եթե անգամ սոցհարցումների տվյալները ճիշտ են, որը հրապարակվել է մեծ դեբատից առաջ, կարծում եմ, դրանից հետո մենք լուրջ առավելություններով առաջ ենք ացել»: Հարցին, թե այս անգամ Գևորգն աշխատել է իրենց համար, Մարուքյանը ծիծաղելով նշեց. «Գևորգը ինձ համար այն ժամանակ էլ թամամ չի աշխատել: Այս անգամ հազարավոր գևորգներ, հազարավոր այլ անուններ են աշխատել մեզ համար, քաղաքացիներ՝ որոնք տարբեր ձևերով աջակցում են մեզ»: