Ընդդիմության դերը կստանձնի ԲՀԿ-ն. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
Ընտրական գործընթացը զերծ մնաց ընտրակաշառքից, ասում է Խոսրով Հարությունյանը եւ համարում այն ընտրությունների կարեւոր ձեռքբերումներից մեկը։ Խոսրով Հարությունյանն ափսոսում է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում ներկայացված չէ, բայց ըստ նրա, կարճ ժամանակում Հանրապետականին հաջողվեց զրո տոկոս վարկանիշից հասնել այսպիսի արդյունքի։ «Սա անհավանական արդյունք էր։ Եթե նախընտրական պայքարը երկար տեւեր, ապա ՀՀԿ-ն կհաղթահարեր հինգ տոկոսի շեմը»։ Այս խորհրդարանը կտարբերվի նախորդներից, քաղաքական մեծամասնության պատգամավորները հմտության պակաս ունեն, եւ այն կազդի որակի վրա, նշում է նա։ Խոսրով Հարությունյանը ընտրություններին մասնակցելու հրավեր ստացել է ՀՀԿ-ից, բայց մերժել։ «ՀՀԿ-ն ապրում է բարդ ժամանակներ, դրա համար կուսակցությունը այդ պետք է միայնակ հաղթահարի։ Ես այդպես եմ մտածում»։ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ընդդիմության դերը կստանձնի ԲՀԿ-ն, իսկ ԼՀԿ-ն այդքան էլ չի հակադրվի «Իմ քայլը» դաշինքին։