Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՂՄՈՒԿ ԵՐԳԻ ՇՈՒՐՋ

Մշակույթ

ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է

Երբ երգչուհի Սիլվա Հակոբյանը ամիսներ առաջ BBC-ի «THE NEXT BEST THING» մրցույթի հաղթող ճանաչվեց, նրա հետ միասին փառքի արժանացավ նաեւ երգչուհու քույրը` Մանե Հակոբյանը, ով գրել է BBC-ում հաղթած «I LIKE» երգի երաժշտությունը: Թեեւ Մանեն միայն երգի երաժշտությունն է գրել, այնուամենայնիվ սկզբում նա ներկայացվեց որպես երգի հեղինակ(ինչը նշանակում է, որ նա գրել է երգի եւ երաժշտությունը եւ բառերը): Ավելի ուշ մամուլում հայտնվեց երգի բառերի իսկական հեղինակի անունը:

Օրեր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվեց «I LIKE» երգի տեսահոլովակը, որտեղ նշված էր, որ երգի բառերի հեղինակը Գոհար Ադիլխանյանն է: Վերջինս «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց, որ դա առաջին երգը չէ, որ նա գրել է Սիլվա Հակոբյանի համար: «Անցած տարի մի երգ էի գրել եւ նվիրել Սիլվային, քանի որ ես եւ Մանեն մտերիմ էինք,- պատմում է Գոհարը,- հետո իրենք ասացին, որ այդ երգը ոչ թե Սիլվան, այլ Սյուզի Մելիքյանը պետք է երգի:

Մեր շոու-բիզնեսում այդպիսի բաներ հաճախ են լինում»: Տեղեկացնենք, որ նշված երգի («IM BLESSED») հիման վրա Սյուզի Մելիքյանը հետագայում տեսահոլովակ նկարահանեց, որտեղ նշվում է, որ երգի հեղինակը Մանե Հակոբյանն է: «Երբ խոսեցի Մանեի հետ, նա ասաց, որ իբրեւ կամ տեսահոլովակի ռեժիսորն է անուն ազգանունիս թերթիկը կորցրել, կամ Սյուզին»,- ասում է Գոհարը,- ես անվճար էի երգի բառերը գրել` ակնկալելով, որ անունս կնշվի որպես հեղինակ եւ կամաց-կամաց հայտնի կդառնամ, սակայն այդպես չեղավ»:

Չնայած դրան, Գոհարը հետագայում եւս երկու երգի բառեր է անվճար գրել Սիլվա Հակոբյանի համար. «Անցած տարվա ամռանը երկու երգ գրեցի տվեցի Մանեին, իսկ երբ արդեն Սիրիա էի մեկնել, Մանեն զանգահարեց եւ ասաց, որ երգերից մեկը Անգլիա են ուղարկում` մրցույթին ներկայացնելու: Ասացի, որ անունս անպայման նշվի որպես երգի հեղինակ եւ հատուկ անուն ազգանունս գրեցի ուղարկեցի, որ նույն պատմությունը չկրկնվի»: Մենք հետաքրքրվեցինք այժմ Սիրիայում գտնվող Գոհարից` արդյոք նա այժմ համագործակցո՞ւմ է Մանե Հակոբյանի հետ. «Մանեի հետ կապ պահպանում եմ: Ասում է, որ էլի երգ ուզող կա, բայց ես չեմ ուզում գրել,- պատմում է Գոհարը, ով հիմանականում անգլերենով է ստեղծագործում:- Այժմ ցանկանում եմ համագործակցել Սիրիայի երգիչների հետ: Երբ Հայաստան գամ, եթե ուրիշ երգ ուզողներ լինեն` կարող է համագործակցեմ, մանավանդ որ արդեն բառեր ունեմ գրված, որ կարող են լավ երգեր դառնալ, բայց այս անգամ անվճար չեմ աշխատելու»: Հ.. Հարցազրույցից հետո Գոհարն ասաց, որ «Այնուամենայնիվ ես ոչ ոքի դեմ չարացած չեմ»:

«ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԻ ԹԱՔՑՆՈՒՄ»

Մանե Հակոբյանը նյութում տեղ գտած իր եվ քրոջ հասցեին Գոհար Ադիլխանյանի ասած խոսքերն այսպես պարզաբանեց. «Սիլվան բացարձակ չի թաքցրել բառերի հեղինակին, ընդհակառակը` ամեն տեղ նշել է նրա անունը: BBC-ի «THE NEST BEST THING » ինտերնետային կայքում երգի հեղինակները սխալ էին ներկայացված, այդ պատճառով էլ հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած ինֆորմացիան սխալ էր: Ինչ վերաբերում է Սյուզի Մելիքյանի տեսահոլովակում Գոհարի անունը որպես բառերի հեղինակ չնշվելուն` ասեմ, որ նրա անունը չի գրվել, որովհետեւ ես չգիտեի Գոհարի ազգանունը , իսկ առանց ազգանվան անունը չէր կարող նշվել: Մոտ երկու շաբաթ զանգահարում էի Գոհարին, սակայն ինձ չհաջողվեց կապվել նրա հետ:

Ավելի ուշ իմացա, որ Գոհարը Հայաստանից դուրս է գտնվում: Ես եվ նա խոսել եւ պարզաբանել ենք այս հարցը: Իսկ խոսքերն անվճար գրելու հետ կապված, նշեմ, որ ես Գոհարին բառերի համար գումար եմ առաջարկել, նա հրաժարվել է ` պատճառաբանելով, որ այդ երգերը նա նվիրել է Սիլվային»: