ՆՈՐԱՀԱՅՏԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՀԻՆ ԱՍՏՂԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՆորահայտ երգիչները խանգարում են աստղերին: Այսօր նման կարծիք հայտնեցին հանրահայտ երգչուհիներ Նունե Եսայանը եւ Շուշան Պետրսյանը. «Նրանք հիմա զբաղեցնում են ստուդիաները, գործիքավորողներին՝ փչացնելով նրանց ճաշակը նույնպես:
Մեր մեկ ամսվա գործը մենք չենք կարողանում ավարտել նույնիսկ մեկ տարում, իսկ այդ երգիչները արդյունքում աղբ են տարածում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նունե Եսայանը: Նա այսօրվա երիտասարդությանը բնորոշեց իբրեւ ինքնահավան, լկտի:
Շուշան Պետրոսյանը կարծիք չհայտնեց միայն այն պատճառով, որ համոզված է` նրանք դա վերագրելու են չարակամության: Երգչուհին ոչ վաղ անցյալը հիշելով ուղղակի նկատեց, որ առաջ բեմի եւ փողոցի կոշիկն ուրիշ էր: «Իսկ հիմա նույն կոշիկով եւ բեմ են դուրս գալիս, եւ գնում սրճարան, եւ արեւածաղիկ ուտում, ինչը ինձ համար ցավ է»:
Այդ իրականությունը երգչուհիները բացատրում են դպրոցի բացակայությամբ:
Սակայն նրանք չեն պատրաստվում որեւէ դպրոց հիմնադրել, քանի որ դեռ շատ բան ունեն սովորելու եւ անելու. «Դա մեծ աշխատանք եւ ժամանակ է պահանջում, եթե ես պետք է մի բան կիսատ անեմ, ավելի լավ է չանեմ»,- ասաց Նունե Եսայանը:
Ընտրությունների քարոզարշավին երգիչների մասնակցությունը, ըստ Նունե Եսայանի, միակ հնարավորությունն է գումար վաստակելու. «Իշխանությունները գալիս-գնում են, սակայն խոստումները չեն իրականանում»:
Իսկ Շուշան Պետրոսյանն այս առիթով տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցության համար աշխատել է միայն այն պատճառով, որ այդ կուսակցությունն է զորամասեր այցերի ժամանակ իրեն աջակցում համերգների կազմակերպման հարցում:
Երգչուհիները հերքեցին պտտվող այն լուրերը, որ իրար չեն սիրում: Նունե Եսայանն ասաց, որ չկա որեւէ կոլեգա, որին ինքը չսիրի: Շուշան Պետրոսյանն էլ հավելեց, որ ցանկացած ընտանիքում տարաձայնություններ լինում են եւ դա շատ նորմալ է:
Առաջիկայում կայանալիք համերգի մասին երգչուհիներն ասացին, որ այն լինելու է կենդանի հնչողությամբ եւ որեւէ դեկորացիա չի լինելու: Հուլիսի 27-ին եւ 28-ին տեղի ունենալիք համերգը Նունե Եսայանի համար մինչեւ մայրանալը կլինի վերջինը:
Թեեւ Շուշան Պետրոսյանը մայրանալու է Նունե Եսայանից մեկ ամիս անց, բայց չի որոշել մինչ այդ համերգներ կունենա, թե` ոչ: