Ընտրակաշառք չկար, բայց խանգարող հանգամանք կար. Խաչատուր Քոքոբելյան (տեսանյութ)
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը չի թաքցնում՝ ավելի շատ քվե էր ակնկալում Աժ ընտրություններին, որին մասնակցում էր «Հանրապետություն կուսակցության հետ դաշինք կազմած։ Ճիշտ է ընտրակաշառք չկար, բայց խանգարող հանգամանք կար: «Քարոզարշավի ընթացքում չեղավ բովանդակային քննարկում: Հարցրեք ցանկացածին՝ տեղյա՞կ են պատգամավորների ծրագրերից կամ ճանաչո՞ւմ են նրանց: Մարդիկ, ԱԺ-ի 90 տոկոսից ավելիին չեն ճանաչում, միգուցե դա էլ հետաքրքիր է»: Ըստ Խաչատուր Քոքոբելյանի, նոր խորհրդարանը միաբեւեռ կլինի, ընդդիմադիրի դերը կստանձնեն արտախորհրդարանական ուժերը: «Կուսակցություններ կան, որ ասում են՝ մենք ընդդիմություն ենք, բայց ԱԺ-ում բյուջեի նախագիծ չի եղել, որ երկու ձեռքով կողմ չքվեարկեն, ոտքերով էլ գետնին չհարվածեն: Այն բյուջեների, որ կոռուպցիոն են եղել, հիմա ինձ բացատրեք, դրանք ի՞նչ ընդդիմություն»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընդդիմադիր ուժ է: Իսկ հնարավոր համարո՞ւմ են համագործակցությունը մեկ այլ ընդդիմադիր ուժի՝ ՀՀԿ-ի հետ: «Ընդդիմադիր լինելը չի նշանակում միմյանց հետ համագործակցել: Օրինակ՝ ՀՀԿ-ն կամ ՀԱԿ-ը գտնում են, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը մեր սրբազան պարտքն է, իսկ ես գտնում եմ, որ դա խայտառակությունն է»,-ասում է Խաչատուր Քոքոբելյանը: Խաչատուր Քոքոբելյանը արտաքին հարաբերություններում Հայաստանի վարած քաղաքականությանը միաբեւեռ գնահատականն է տալիս: «Որքան էլ փորձեն լղոզել եւ ասել, որ դա այդպես չէ: Մենք ցանկացած օր «սյուրպրիզներ» ենք ունենում արտաքին քաղաքականության հարցերում, բարեբախտաբար դեռեւս ոչ շատ վնասակար»: Անդրադառնալով, օրերս Միլանում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը եւ Մամեդյարովի այն հայտարարությանը, թե հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման, Խաչատուր Քոքոբելյանն ասում է՝ սա Ադրբեջանի հերթական ինֆորմացիոն հարձակումն էր Հայաստանի վրա: «Ցավում եմ, որ մեր կառավարությունը համարժեք չգտնվեց այս հարցում: Նման խնդիրները բացառելու համար ավելի թափանցիկ պետք է դարձնել այդ հանդիպումները»: Նշենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հարցում որեւէ նոր բան չկա։