ՏԻԿԻՆ ԼԻԴԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՒԳԵԼՈՒ Է
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի նորանշանակ մարզպետ Լիդա Նանյանն այսօր անցկացրել է իր պաշտոնավարման առաջին մարզխորհրդի նիստը, որին մասնակցել են տարածքային կառավարման նախարարի տեղակալը, մարզի դատախազն ու առաջին ատյանի դատարանի նախագահը, մարզային այլ կառույցների ղեկավարներ: Նման ներկայացուցչական կազմով մարզխորհրդի նիստ՝ համենայնդեպս վերջին մի քանի տարում տեղի չէր ունեցել: Նիստի օրակարգում ընդգրկված հարցն առնչվում էր առաջին կիսամյակում համայնքային բյուջեների կատարողականի քննարկմանը:
Նորանշանակ մարզպետը ընդհանուր առմամբ դժգոհ էր մարզի գյուղական համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշից: Թվով 14 համայնք չի կարողացել ապահովել անգամ 5 տոկոսանոց ցուցանիշ : Այս առումով գյուղական շատ համայնքներ աչքի չեն ընկնում, բացառությամբ Ախուրյանի եւ Արթիկի տարածշրջանի ու եւս մի քանի այլ գյուղական համայնքների: Իսկ Գյումրիում սեփական եկամուտների հավաքագրման մոտ 84 տոկոս ցուցանիշ է ապահովել:
Սեփական եկամուտները չապահովելու արդյունքում համայնքներում որպես առաջնային խնդիր շարունակում է մնալ նախկին տարիներից կուտակած աշխատավարձերի պարտքերը, որը հասնում է մոտ 500մլն դրամի: Իսկ ընդհանրապես, ունեցած պարտքերի չափով Շիրակի մարզը հանրապետությունում առաջին տեղն է գրավում:
« Նախկին տարիների պարտքը պետք է հիմնավորված լինի թե ինչպես են առաջացել, գնալու եմ հատուկ ստուգելու եմ երկու համայնքներում արդեն եղել եմ»,- ասել է մարզպետը:
Մարզպետին զարմացրել էր նաեւ գյուղապետերի կեղմից պահուստային ֆոնդի հողերը վարձակալությամբ չտրամադրելու հանգամանքը: Վարձակալությամբ տրվել են հողերի ընդամենը 10 տոկոսը: Ոչ մի մրցույթ չի անցկացվել, հետեւապես հողերը մնացել են առանց հատկացման, սա գյուղական համայնքների ունեցած խնդիրներից մեկն է:
Մարզպետն ընդհանուր առմամբ դժգոհ էր՝ հատկապես գյուղական համայնքների ղեկավարների աշխատանքից: Նա նշեց, որ ինքը շատ խիստ եւ պահանջկոտ է լինելու թերացողների նկատմամբ:
«Ցայգ» հ/ը
ք. Գյումրի