Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԶՈՀԸ»

Մարզեր

Հուլիսի 31-ին ժամը 15.30-ին մոտ Գյումրու Անի թաղամասի 13 փողոցի, 11 շենքի թիվ 18 բնակարանի 15-ամյա բնակիչ Ալեքսան Բեյբությանը 3-4 ընկերների հետ գնացել է Աշոցք թաղամաս: Մտերիմների հավաստումներով, լինելով համեմատաբար ապահովված ընտանիքից Ալեքսան Բեյբությանը ցանկանալով աջակցել ընկերներին, տեղի կիսակառույցներ է գնացել ամրաններ հանելու նպատակով: Այդ ընթացքում պոկվել է երկաթ-բետոնյա մի զանգված ու հարվածել նրան:

Ընկերների կանչով Շտապ բուժօգնության կայանի աշխատակիցներն ու հարազատները տուժածին 16-16.30-ի սահմաններում տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց: Ինչպես հավաստեց Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աշիկ Դալիբալթյանը նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում` մահամերձ վիճակում, արտահայտված շնչառական անբավարարվածությամբ: Նախնական ախտորոշումը եղել է կրծքավանդակի փակ վնասվածք, թոքերի սալջարդ, փակ արնահոսություն,հեմորագիկ շոկ՝ ծանր աստիճանի:

Աշիկ Դալիբալթյանը հավաստեց, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ միջամտություններն ինչպես տեղում, այնպես էլ հիվանդանոցում, սակայն տուժածի կյանքը փրկելն անհնար է եղել: Արդեն 16.50-ի սահմաններում նա մահացել է: Հերձումը ցույց է տվել, որ Ալեքսան Բեյբությանը բազմաթիվ բութ փակ վնասվածքներ է ստացել, հայտնվել հեմոռագիկ տրավմատիկ շոկի մեջ:Մահը վրա է հասել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալու պատճառով:

Ասենք, որ այս տարի սա նմանատիպ երկրորդ դեպքն է: Հունիսի 12-ին Գյումրու նախկին տեքստիլ կոմբինատի կիսաքանդ շենքում սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժում իրականացնելիս մահացել էր 23-ամյա Դավիթ Ալավերդյանը: