ՀԱՅ ԱՍՏՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Այսօր Հայաստանում օպերային երգի ու երգչի պահանջարկ չկա եւ հենց սրա պատճառով է, որ անգամ հիմնական օպերաները չկան խաղացանկում»,-այսպես է մեկնաբանում հայաստանյան երգարվեստի ներկայիս վիճակը հանրահայտ օպերային երգչուհի, ամերիկաբնակ Էլվիրա Ուզունյանը, ով այս օրերին կարճ ժամանակով Հայաստանում է:
«Անուշի», «Տրավիատայի» եւ այլ հանրահայտ օպերաների իր գլխավոր դերակատարմամբ հայտնի Էլվիրա Ուզունյանը կարծում է, որ հանդիսատեսի պակասի պատճառով է, որ շատ հայ հանրահայտ օպերային երգիչներ ու երգչուհիներ ապրում եւ գործում են արտերկրում: Ինքն էլ բացառություն չէ` Ամերիկայում աշխատում է` դասավանդում, օգնում հայ տաղանդավոր ձայներին:
«Եղիշե Մանուչարյանը, ով հիմա Մետրոպոլում ու Բոստանի թատրոնում անփոխարինելի տենոր է, ԱՄՆ գալուց եւ մեր օգնությունը ստանալուց 3 ամիս անց արդեն անփոխարինելի էր, իսկ այստեղ ամիսը մեկ անգամ հազիվ թե ելույթ ունենար»,-պատմում է Էլվիրա Ուզունյանը եւ հավաստում, որ ամբողջ աշխարհում այսօր հայտնի այս տենորին Հայաստանում համարյա չէն ճանաչում:
«Ա1+»-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում հայ երիտասարդ կատարողների հնարավորությունները` Էլվիրա Ուզունյանը ասաց, որ լսել է Կոնսերվատորիայի սաներին եւ ցնցված է հատկապես տենորների ձայներով ու մեծ ապագա է կանխատեսում նրանց: Բայց նաեւ փաստեց, որ կրկին առաջ է գալիս պայմանների բացակայության եւ հանդիսատեսի խնդիրը: «Մեր ժամանակ (ԽՍՀՄ տարիներին) մենք իտալերեն սովորելու ու երգելու իրավունք չունեինք, անգամ «Րիգոլետոն» էինք ռուսերեն երգում, հյուրախաղերի միայն սփյուռքահայ կոմիտեի օժանդակությամբ էինք գնում, բայց մեր ժամանակ էլ «հանդիսատեսն էր հանդիսատես»,-հիշեց նա: Էլվիրա Ուզունյանը այսօր արդեն թոռներին է կրթում եւ աշխատում է իր հուշերի գրքի կազմման վրա: Առաջիկայում կգործի նաեւ երգչուհու կայքը:Ի դեպ, Ամերիկայում տաղանդավոր երիտասարդներին օգնող Էլվիրա Ուզունյանը նախատեսում է շուտով մշտական բնակությամբ վերադառնալ Հայաստան ու կրթել նաեւ հայաստանաբնակ ապագա օպերային աստղերին: