ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԱՆՑԱՎ ԳՈՐԾԻ
Աջակցիր «Ա1+»-ինԱնցած շաբաթ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Վարուժան Սուքիասյանը` այս պաշտոնում փոխարինելով Սամվել Պետրոսյանին: Այսօրվանից փորձառու մասնագետը անցել գործնական աշխատանքի: Նախորդ օրերին որոշելով, թե ովքեր են հրավիրվելու հավաքական Սուքիասյանը 23 ֆուտբոլիստների հետ հանգրվանել է «Էրեբունի» հյուրանոցում: Երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերի 8-ին եւ 12-ին կայանալիք «Եվրո-2009»-ի ընտրական հանդիպումներին: Հայ ֆուտբոլիստները նախ ընդունելու է Չեխիային, ապա`Ուկրաինային:
Ընտրական այս փուլում Հայաստանի երիտասարդականը 2 հանդիպում է անցկացրել: Նախ 1:0 հաշվով հաղթել Լիխտենշտեյնին, ապա հյուրընկալվելիս 0:4 հաշվով զիջել Ուկրաինային: Հավաքական հրավիրվածները հիմնականում ներկայացնում են հայկական ակումբները: Միայն Արթուր Ստեփանյանն է լեգեոներ եւ հանդես է գալիս «Անապա» թիմում: 23 թեկնածուների 10-ը «Փյունիկի» խաղացողներ են, 6-ը` «Բանանցի», 4-ը` «Արարատի», 1-ը` «Գանձասարի»:
Ի դեպ, հրավիրվածներից 3-ը ազգային հավաքականի թեկնածուներ են: Խոսքը Հրայր Մկոյանի, Հենրիխ Մխիթարյանի եւ Գեւորգ Ղազարյանի մասին է: Վերջին Հայաստանի ընթացիկ առաջնությունում լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը: Գեւորգը «Փյունիկի» կազմում արդյունավետ խաղ ցուցադրեց նաեւ Չեմպիոնների լիգայում եւ ներկայումս հիանալի մարզավիճակում է: Հավանական է, որ հարձակման գծում Վարուժան Սուքիասյանը կվստահի Գեւորգ Ղազարյան - Սեմյոն Մուրադյան զույգին: Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ 2 հանդիպումներն էլ սկսվելու են ժամը 17:00-ին: Սա բնականաբար ծուղակ է մրցակիցների համար: Թե Չեխիան, թե Ուկրաինան երեւանյան շոգին չեն կարող դրսեւորել իրենց լավագույն որակները: Մնում է հուսալ, որ այդ օրերին որքան հնարավոր է բարձր ջերմաստիճան կգրանցվի: