Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելնում է մի նոր Երևան». Երևան քաղաքի պաստառային արվեստի պատմությունը (տեսանյութ)

Մշակույթ
baner

19-րդ դարի վերջից մինչ մեր օրերը Երևանին նվիրված նախախորհրդային շրջանի թատերական և համերգային ազդագրերն ու անցյալ դարի քաղաքային պաստառները մեր քաղաքի պատմության որոշակի ժամանակահատվածի խոսուն վկաներն են: Օրինակ՝ տեղեկանում ենք, որ 1923 թվականի ապրիլի 21-ին  ֆինժողկոմի կուլտ-կրթական սեկցիան, հոգուտ խորհրդային աշխատավորների միության գործազուրկ անդամների՝ երեկույթ է տվել, որին մասնակցել է Շպերլինգի նվագախմբի լարային կազմը: Այն նույն Շպերլինգի, որը դարձավ «Նվագախմբի տղաները» ֆիլմի ավստրիացի դիրիժորի նախատիպը: Իսկ Ջանփոլադյանի հայտնի թատրոնն արդեն խորհրդային Երևանում մի որոշ շրջան կրել է Տրոցկու անունը: Այսօր ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում կբացվի «Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդես նվիրված Երևանի 2800-ամյա հոբելյանին, որը կազմակերպվել է «Մշակույթն ու արվեստը հանուն խաղաղության» ՀԿ-ի նախաձեռնությամբ` ՀՀ մշակույթի նախարարության և ՀԲԸՄ աջակցությամբ: Նախագծի համադրողներն են մասնագիտությամբ նկարիչներ Զաքար Դեմիրճյանը և Արթուր Աթայանը: «Երբ մենք զբաղված էինք «պեղումներով», անասելի հետաքրքիր պաստառներ ու ազդագրեր գտանք,- ասում է  Զաքար Դեմիրճյանը,- սակայն երկուսիս միջով էլ դող անցավ, երբ տեսանք Երևանի թատրոնի կլուբում կայացած Կոմիտաս Վարդապետի ելույթի մասին ազդագիրը: Անցյալ դարի 60-ականների խորհրդային սոցիալական պաստառները, ֆիլմերի, ցուցահանդեսների ազդագրերն իրոք արվեստի գործեր են, իսկ Երևանին նվիրված պաստառներից յուրաքանչյուրը՝ սիրո խոստովանություններ: Այն տարիներին ընտրությունները ձևական բնույթ էին կրում, սակայն  ընտրական պաստառները գեղագիտական մեծ արժեք են ներկայացնում, ի տարբերություն մեր օրերում ընտրարշավի միանման պաստառների: Պաստառների արվեստը գնահատված է աշխարհում, և նույնը պետք է մենք կարողանանք անել, որ հայկական պաստառն իր տեղն ունենա թանգարանների մշտական ցուցադրություններում»: Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս, որի ընթացքում նախատեսված են նաև քննարկումներ: