ՓԱԿԵԼ ԷԻՆ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու դատարանի նախկին մասնաշենքի մերձակա տարածքում այսօր անսովոր հանգստություն էր տիրում: Չկար մանրածախ առեւտրով ոչ մի զբաղվող: Պատճառը բացօթյա առեւտուրն արգելելու մասին որոշման կիրարկումն էր, ինչի արդյունքում այսօր առավոտյան ոստիկանների աջակցությամբ արգելվել էր մանրածախ առեւտուրը Շահումյան փողոցում: Այս հանգամանքն առաջացրել էր վաճառականների զայրույթը:
Նրանք նախ որոշել են փակել Երեւանյան խճուղին, ինչը ձախողվել է ոստիկանների միջնորդությամբ, ապա իրենց դժգոհությունն են հայտնել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին:
« Բա Գյումրի քաղաքի համար կարելի՞ էր նման որոշում կայացնել, երբ որ ժողովուրդը, ընդհանրապես քաղաքի 90 տոկոսն աշխատատեղ չունի»,-բողոքում էին ցուցարարները:
Փողոցի փոխարեն նրանց է առաջարկվել նախկին Միկրոէլեկտրաշարժիչների գործարանի տարածքում գործող նորաբաց շուկան, սակայն նրանք չեն համաձայնվում:
Ըստ նրանց` գնորդն այսօր սովորել է փողոցային առեւտրին, ու սա է այն գլխավոր պատճառը, որ սպառողները մեծ շուկաներ չեն մտնում: Հետեւաբար շուկաներում առեւտուր իրականացնելու առաջարկը վաճառողներն համարում են ոչ եկամտաբեր.
«2 օր կանգնել ենք, ընդհանրապես ոչ մի առեւտուր չի իրականացվում: Ասին`սկզբում փող չեն վերցնի: հիմի էսօրվանից արդեն մեքենաներից գումարներ են հավաքել»,-ասում էին ցուցարարները:
Շուկայի տնօրեն Իշխան Գասպարյանն ասաց, որ 1000 դրամ գումար է գանձվում միայն մեծածավալ ավտոմեքենաներից, իսկ ստացված գումարները ուղղվելու են տեսուչների աշխատավարձերի վճարմանը.
Իշխան Գասպարյանի տեղեկացմամբ դեռեւս որոշված չէ հատկացվող տեղի չափը եւ վարձավճարը, իսկ առայժմ այդ չափաբաժինը մոտավորապես 2 մետրի է հասնում: Եթե վաճառողներն ասում էին, թե յուրաքանչյուր տեղի համար իրենցից 500 դրամ են պահանջում, այն դեպքում, երբ դատարանամերձ տարածքում դա ընդամենը 250 դրամ էր, ապա շուկայի տնօրենն հավաստում էր, թե այդ գումարը դեռեւս որոշված չէ ու առաջիկա մեկ ամսվա ընթացքում նրանցից ոչ ոք գումար չի պահանջի:
Նորաբաց շուկայի ուսումնասիրման նպատակով տարածք էին այցելել Շիրակի փոխմարզպետներ Միքայել Վարդանյանն ու Աշոտ Պետրոսյանը: Ի դեպ, վերջինս նաեւ Գյումրիում ծավալվող բացօթյա առեւտուրն արգելող հանձնաժողովի աշխատանքները կանոնակարգողն ու վերահսկողն է.
«Պրոցես է պետք է ընթանա: Նման պրոցեսը, բնական է, առանց դժվարությունների չի լինում»,-ասաց փոխմարզպետը:
Մոտ ժամանակներս բացօթյա առեւտուրը կարգելվի ոչ միայն Գյումրու Աբովյան, Մայակովսկի, Արագած, Ռիժկովի փողոցներում եւ Հաղթանակի պողոտայում, այլեւ մարզի մյուս քաղաքներում:
Գյումրի, «Ցայգ»